NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Աղքատությունը նվազել է
«Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը» զեկույցի համաձայն, Հայաստանի աղքատ բնակչության թիվը վերջին երեք տարվա ընթացքում կրճատվել է մեկ երրորդով՝ 2004թ.-ի 34,6 տոկոսից 2007 թվականին հասնելով 25 տոկոսի։ Զեկույցի հիմքում ընկած է Հայաստանում 2007թ. հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում 7872 տնային տնտեսության շրջանում 45 քաղաքային և 289 գյուղական բնակավայրերում կատարված հետազոտությունների տվյալները։ Հետազոտությունն իրականացվել է «Հազարամյակի մարտահրավերներ – Հայաստան» հիմնադրամի ֆինանսավորմամբ Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ։
«2004-2007 թվականներին Հայաստանի 300 հազար քաղաքացիների հաջողվել է հաղթահարել աղքատության շեմը, ինչի արդյունքում աղքատ բնակչության մասնաբաժինը կրճատվել է 27,9 տոկոսով»,- լրագրողներին ասել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տնային տնտեսությունների բաժնի պետ Դիանա Մարտիրոսովան։
Մարտիրոսովայի խոսքերով, Հայաստանում աղքատության կրճատման հիմնական գործոններից է կայուն և շարունակական տնտեսական աճը, աշխատանքի շուկայի կայունությունը, թոշակների և այլ սոցիալական վճարումների աճը, ինչպես նաև հանրապետություն արտերկրից եկող մասնավոր փոխանցումների ծավալի մեծացումը։
«Չնայած, որ աղքատությունը շարունակում է խնդիր մնալ Հայաստանում, քանի որ բնակչության 25 տոկոսը կամ ավելի քան 800 հազար մարդ դեռ գտնվում են աղքատության շեմից այն կողմ, իսկ նրանցից 123 հազարը (3,8 տոկոս) բնակչության ծայրահեղ աղքատ խավն են կազմում»,- ասաց Մարտիրոսովան։
Աղքատությունն առավել նկատելի է քաղաքային և գյուղական շրջաններում, քան Երևանում, հայտարարել են զեկույցի հեղինակները։
