NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հորդոր ՀՀ Ոստիկանությանը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 14-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված ահազանգի հիման վրա Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբի անդամները գտնվել են Երևանի Թումանյան-Մաշտոց փողոցների խաչմերուկում, որտեղ արտոնված հանրահավաքի իրազեկման համար կազմակերպված երթը խոչընդոտվում էր ոստիկանության աշխատակիցների կողմից:
Պաշտպանի ներկայացուցիչների գտնվելու ընթացքում նշված խաչմերուկում հավաքված են եղել մոտ 50 մարդ, որոնք ցանկանում էին երթ անցկացնել` նկատի ունենալով, որ դրա համար նախապես թույլտվություն չի նախատեսվում: Սակայն ոստիկանները համառորեն չէին թույլատրում երթ անցկացնելու, ավելին, երթի կազմակերպիչները տեղեկացրեցին, որ քաղաքացիական համազգեստով ոստիկանության աշխատակիցները իրենց ձեռքից նախ խլել են բարձրախոսը, իսկ այնուհետև հրել են ժողովրդին` տարածքից հեռացնելու նպատակով:
Որոշ ժամանակ անց ոստիկանության աշխատակիցները թույլատրել են երթն անցկացնել, սակայն այնուհետև հրահանգել են երթն անցկացնել առանց բարձրախոսի, ինչը չի բխում ՀՀ գործող օրենսդրության պահանջներից:
Արդյունքում առաջացան մարդկանց կուտակումներ, որի մասնակիցները պահանջում էին ոստիկաններից չխոչընդոտել երթի բնականոն ընթացքին: Փոխարենը ոստիկանության շուրջ 50 աշխատակիցներ հրելով ժողովրդին տարան դեպի Հյուսիսային պողոտա, ընդ որում Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբի անդամների ներկայությամբ ոստիկանները խլել են նաև մասնակիցների մյուս բարձրախոսը:
Նշված տեղեկությունները ամբողջապես արձանագրվել են Պաշտպանի ներկայացուցիչների կողմից, այսինքն դրանք իրականությանը չհամապատասխանելու կասկածներ չկան, ուստի, հորդորում ենք ՀՀ ոստիկանությանը գործել ՀՀ Սահմանադրությանը ու օրենքներին համապատասխան և չսահմանափակել ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքները։
