NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Լրագրող Ծովինար Նազարյանի հայտարարությունը
«Երեկ լսեցի, որ մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովը վկայություններ ունի մեքենաներ այրելու մասին, բայց արյուն տեսնողների վկայություններ չունի:
Սամվել Նիկոյանին ուզում եմ հայտնել, որ այդ օրը, երբ ոստիկանական ուժերն արդեն նահանջել էին, կեսգիշերի կողմերը ես տեսել եմ արյուն Ձկան խանութին հարող թունելի վրա: Այդ պահին արդեն հայտնի էր, որ երկու հոգի վախճանվել են գլխին ստացած հրազենային կրակոցից:
Իմ տեսած արյան լճակն այն մեծը չէր, որ պատկերված է Ա1+-ի տեսանյութում, եւ դրանում ծնոտի կտոր չկար: Բայց պետք է հաշվի առնել, որ ես դեպքի վայրում հայտնվել եմ, երբ արդեն ջրցան մեքենաներն արել էին իրենց գործը` լվացել էին արյունը: Հետո, ես չեմ զննել ամբողջ տարածքը:
Ինչ-որ մեկն ինձ հուշեց, որ ես չեմ կարող ապացուցել, որ դա արյուն էր, այն էլ` մարդու արյուն` «փորձաքննություն չեմ արել»: Բայց ուզում եմ հարցնել Սամվել Նիկոյանին` տեղում սպանված 8 հոգու եւ տասնյակ վիրավորների արյունն ինչ եղավ: Ի վերջո, եթե ընդունում եք, որ եղել են զոհեր ու վիրավորներ, չեք կարող չընդունել, որ արյուն էլ է եղել: Ջրցան մեքենաները չէին կարող ամբողջը լվանալ, որովհետեւ դրանք էլ են ստիպված եղել նահանջել ցուցարարների առաջ:
Ինչ է նշանակում` «վկայություններ չունենք»: Չեմ հապաղում օգնել ձեզ` լրացնելու այդ բացը: Իմ այս հայտարարությունից հետո, արդեն ունեք համապատասխան վկայություն, եւ վստահ եմ, որ այդ վկայությունների թիվը կավելանա:
Մի հուշում էլ, ամերիկացի փորձագետներին առաջարկեք ուսումնասիրել նաեւ այն տեսանյութը, որում հրաշքով փրկված երիտասարդի այտի վրա հրազենով խոշոր անցք է բացված: Հնարավոր է, որ դա պատասխանի ծնոտի կտորի մասին հարցերին:
ԾՈՎԻՆԱՐ ՆԱԶԱՐՅԱՆ
լրագրող»
