Վկա է հայտնվել

Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը անցած շաբաթավերջին հայտնել էր, որ քրեակատարողական հիմնարկներից մեկից հանձնաժողովին է դիմել մի կալանավոր ու ասել, թե որոշակի փաստեր է ուզում տրամադրել իրենց: Երեկ այդ կալանավորի հետ հանդիպել են հանձնաժողովի երկու անդամներ` Միավորված աշխատանքային կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը եւ Դաշնակցություն խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:

Արծվիկ Մինասյանը հանդիպումից հետո հայտարարել է «Նա խնդրել էր, որ հանդիպում լինի, եւ այդ հանդիպման ընթացքում ինքը պատրաստակամություն էր հայտնել մանրամասն տեղեկություններ ներկայացնել մարտյան դեպքերի հետ կապված, որովհետեւ ինքը եղել է ակտիվ մասնակից այդ դեպքերի, ավելին` ընդգրկված է եղել նաեւ ընդդիմադիր ուժերի ճամբարում, բավական խորը ինֆորմացիա ունի: Տեղեկատվությունը, որը նա տրամադրել է, բավական ընդգրկուն է, վերաբերում է գրեթե բոլոր դրվագներին` ե’ւ առավոտվա, ե’ւ կեսօրվա, ե’ւ երեկոյան հատվածներին, եւ, բնականաբար, այդ տեղեկատվությունը նաեւ մամուլի սեփականությունը դառնալու բոլոր հնարավորությունները ունի եւ հնարավորություն կտա նաեւ իրավապահ համակարգին ավելի ճիշտ կողմնորոշվելու: Ես այս պահին չէի ուզենա գնահատել տեղեկատվության արժանահավատությունը, որովհետեւ մենք լսել ենք ընդամենը կողմի ներկայացրած պատկերը կամ իր տեսակետը: Համենայն դեպս, ինքը նշեց, որ ինչ որ պատմում է` իր տեսածն է պատմում: Քանի որ կան այստեղ տեղեկություններ, որոնք նաեւ նախաքննության գաղտնիք կարող են համարվել, դրա համար ես կխուսափեմ այդ տեղեկատվության վերաբերյալ կոնկրետ գնահատականներ տալուց: Բայց բավական մտահոգիչ է այն, ինչ որ մենք լսեցինք>: Կալանավորի անձի մասին`<հիմա կալանքի մեջ է գտնվում այլ մեղադրանքով` ամենեւին կապ չունեցող մարտյան դեպքերի հետ. նա մեղադրվում է խարդախության հոդվածով, համակարգի նախկին աշխատակից է, եւ նրա վերաբերյալ բազմաթիվ նաեւ հրապարակումներ եղել են»:

Հիշեցնենք, որ ըստ Սամվել Նիկոյանի ազատության մեջ գտնվող մարդիկ վախենում են պատմել իրենց տեսածը: