NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հայ խաղաղապահների վերջին հերթափոխը վերադարձավ Իրաքից
Հայ խաղաղապահների վերջին ութերորդ հերթափոխը երեքշաբթի վերադարձել է Իրաքից։
«Քանի որ Իրաքում խաղաղապահական առաքելություն իրականացնելու անհրաժեշտությունն արդեն նվազում է, իսկ իրական քաղաքական իրավիճակն այդ երկրում գտնվում է պետական կառույցների վերահսկողության տակ, հետևաբար խաղաղապահական առաքելության ռազմական առաջադրանքները մեր մասով իրականացված են համարվում: Հայկական կոնտինգենտը պատվով կատարել է իր առաջադրանքը։ «Մեր ամենագլխավոր նվաճումն այն է, որ մենք պատվով կատարեցինք մեր առաջադրանքներն ու հայրենիք վերադարձանք առանց կորուստների »,- լրագրողներին ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Արշալույս Փայտյանը։
Իրաքում հայկական խաղաղապահական առաքելության կազմում ընդգրկված էր 46 մարդ, այդ թվում 2 շտաբային սպա, 3 ռազմական բժիշկ, 10 մարդուց բաղկացած սակրավորների բաժին և տրանսպորտային վաշտ (31 վարորդ)։ Հայկական կոնտինգենտը գործում էր Լեհաստանի Հյուսիս-Հարավ բազմազգ դիվիզիայի հրամանատարության գլխավորությամբ։ Հայ զինծառայողները Իրաքի խաղաղապահական առաքելությանը մասնակցում են 2005 թ.-ի հունվարի 25-ից։
Փայտյանը չի բացառել հայկական խաղաղապահական առաքելության իրականացման հնարավորությունն Աֆղանստանում։ «Շատ հավանական է, որ եթե մեր վերին հրամանատարությունը որոշում ընդունի Աֆղանստանում առաքելություն իրականացնելու մասին, մենք մեկնենք այնտեղ»,- ասաց նա։
Ներկայում 70 հայ զինծառայողներ շարունակում են խաղաղապահական առաքելություն իրականացնել Կոսովոյում:
