NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Սպանվածի քրոջ նամակը գլխավոր դատախազին
Բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին
«Հարգելի պարոն դատախազ
Ձեզ գրում է մի քաղաքացի, որը վերջնականապես կորցրել է հավատը Հայաստանում գործող քննչական ու դատական բոլոր մարմինների նկատմամբ` տեղականից մինչեւ հանրապետական:
Ես` Հասմիկ Հակոբյանս վանաձորցի եմ, Հրանտ Հակոբյանի քույրը: Եղբորս սպանությունից հետո հանդիսանում եմ տուժողի իրավահաջորդ:
Չեմ կարծում, որ Դուք չեք հիում այս սպանության դեպքը, բայց կփորձեմ հակիրճ ներկայացնել ՙգազանաբար կատարված ՙինքնապաշտպանությունը՚, որն ուներ նախըտրական նախապատմություն: Շտապեմ Ձեզ հանգստացնել, որ մեղավորներ չկան, քանի որ Հրանտի մահից անցել է 1 տարի 5 ամիս, բայց բոլորին հայտնի սպանության 4 մասնակիցներն էլ /15-20 ականատեսներով/ շարունակում են իրենց առօրյա հոգսերով ազատ, երջանիկ ապրել և նրանցից ոմանք նույնիսկ պատրաստվում են դարձյալ Վանաձորի ավագանու անդամ դառնալ:
Հիմա սպանության մասին:
Հրանտ Հակոբյանը սպանվել է 2 դանակների 15-16 հարվածներից: Դեպքը տեղի է ունեցել 2007թ. ապրիլի 26-ին Վանաձորից դուրս` Թեժ լեռ կոչվող տարածքում: Սպանության պատճառը, փաստորեն դարձան 2007թ-ի Ազգային Ժողովի ընտրությունները, որովհետև այդ ընտրություններից առաջ էր, երբ թեկնածու Վահրամ Բաղդասարյանը իր ՙսիրելի համաքաղաքացիներին՚ խոստումներ էր տալիս` նախօրոք իմանալով, որ դրանք հաստատ չեն կատարվելու, վկան` նրա 15 տարվա փորձը:
Պարզապես Հրանտն էր առաջին անգամ միամտորեն հավատացել ՙտղամարդու խոսքին՚, որը տրվել էր մեր իսկ շենքի` Վարդանանց 51-ի 15-20 բնակիչներին:
Թաղամասում իր նախընտրական խոստումները կոորդինացնելու համար թեկնածուն նշանակել էր իր լավ օգնականներ` ավագանու անդամներ Սամվել Դիլոյանին և Վահագ Ավագյանին, որոնք էլ ժողովրդի աչքին թոզ փչելու համար թաղամասում տեղադրված խնդրո առարկա պանելների մեծ մասը տեղափոխեցին, իսկ 7-8 հատը մնաց:
Հրանտը իմանալով իրականությունը` դիմում է նրանց, թե` եթե ժողովրդին հավատացրել եք, ուրեմն բարի եղեք կատարել ձեր խոստումը: Դիլոյանին և Ավագյանին դուր չի գալիս Հրանտի համարձակությունը եւ նրանք հրավիրում են ՙխոսելու՚ քաղաքից դուրս: Նույն օրը` ժամը 21.00-ին Հրանտը մենակ տաքսիով գնում է ժամադրության` նախօրոք այդ մասին տեղեկացնելով նաև Վահրամ Բաղդասարյանին: Բաղդասարյանը փաստորեն չի արգելում իր կամակատարներին գնալ այդ հանդիպմանը: Մի քանի մեքենաներով տվյալ վայր են գնում նաև քաղաքի երիտասարդներ, որոնք, իմանալով հանդիպման մասին, որոշում են հաշտեցնել Հրանտին ու Բաղդասարյանի ՙմարդկանց՚:
Բայց նրանց ներկայությամբ կատարվում է սպանությունը, որը մեր դատախազությունը որակեց որպես ինքնապաշտպանություն: Իբր Հրանտը 5-6 անգամ կրակել է, բայց տարօրինակորեն նրանցից ոչ մեկը չի վնասվել: Մինչդեռ նրանք 15-16 անգամ գազանաբար պաշտպանվել են մի հոգուց` 4 հոգով դանակահարելով միայնակ դեպքի վայր եկած Հրանտին:
Ցանկացած գրագետ իրավաբան ընթերցելով գործում եղած ցուցմունքները` կարող է տեսնել, թե իրականությանը որքան իրարամերժ և տրամաբանությանը չհամապատասխանող աբսուրդային են դրանք:
Ես բազմաթիվ միջնորդություններ եմ ներակայացրել համապատասխան ատյաններին, բայց ծիծաղելի պատասխաններ եմ ստանում: Պարզվում է, որ իմ հասարակ քաղաքացու օրենքի չիմացությունը կամ բողոքի վերնագրի ոչ հստակ ձևակերպումը նրանց համար հիմք է անտարբերության մատնել իրականությունը: Ես կարծում էի, որ հնարավոր չէ այդպիսի աղմկոտ սպանությունից հետո արդեն կալանավորված մարդասպանները շատ հեշտ անմեղանան: Ստացվում է, որ եթե տուժողը ուժեղ հարազատներ չունի, ապա նա, ով տեր ունի, կարող է սպանել, և քանի որ բողոքող չկա ի սկզբանե, գործը կավարտվի արագացված դատով:
Հայաստանում դա նշանակում է` բավական է մեղավորը լեզու գտնի միայն քննչի հետ և սպանության համար կնստի 6 ամիս:
Այդ է պատճառը, որ Վանաձորում սպանությունները առօրյա հանցագործությունների դասին են պատկանում: Իմ հույսը մնացել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը, ուր պատրաստվում եմ բողոք ներկայացնել:
PS: Ես չեմ հավատում մեր արդարադատությանը, բայց հավատում եմ, որ այդ ճիվաղները կստանան Աստծո դատաստանը, որովհետև Հրանտը արդար էր և ազնիվ, ոչ մի անձնական շահ չէր հետապնդում և նրա 3,5 և 8 տարեկան զավակների արցունքները իրավունք չունեն մարսելու դիլոյանների նմանները...
Հայցում եմ Ձեր ուշադրությունը` իմ եւ իմ նմանների դժբախտություններին արդարացի վերաբերմունք ցուցաբերելու համար, ինչի դեպքում սփոփանք կարող է դառնալ քրեական գործերի ճիշտ լուծումները: Այս դեպքում միայն հասարակության շրջանում կվերականգնվի հավատը իրավապահ եւ դատախազական մարմինների նկատմամբ:»
