«Զինվորական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կկատարվեն

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ասել է, որ «Զինվորական ծառայության մասին» օրենքում փոփոխություն մտցնելու համար խորհրդարանին առաջարկ ներկայացնելու պարագայում, ն առաջարկ կներկայացնի զինծառայողների համար սոցիալական արտոնությունների փաթեթ սահմանելու մասին: Աշոտյանն ասել է, որ օրինագիծը դեռ քննարկվում է եւ նույնիսկ կառավարությունն այն դեռ չի արժանացրել հավանության:

Արմեն Աշոտյանի խոսքով, կառավարությունն աշխատում է, որ օրինագիծը նվազագույն վնաս հասցնի կրթական համակարգին: «Մենք բոլորս հասկանում ենք, որ զորակոչային տարիքը մոտենում է «ժողովրդագրական փոսին», այն է 1990-1991 թվականներին, որի ընթացքում ծնվածները պետք է շուտով զորակոչվեն, եւ հասկանալի է, որ պետք է առաջնահերթություն տրվի բանակի մարտունակության բարձրացմանը», հայտարարել է պատգամավորը:

Արմեն Աշոտյանը նշել է, թե իր գլխավորած հանձնաժողովը մասնավորապես օրինագծի մեջ ներառելու առաջարկ կներկայացնի այն մասին, որ եթե զորակոչիկը հասցրել է բուհ ընդունվել մինչեւ զորակոչվելը, ապա նա շարունակի սովորելը այն վճարի պարագայում, որը գործել է նրա ընդունվելու պահին: «Մենք շփվել ենք նաեւ երիտասարդական եւ ուսանողական կազմակերպությունների հետ, եւ առավելագույն ջանք ենք ներդնելու շահագրգիռ կողմերին ներգրավելու համար, երբ ներկայացվի օրինագիծը», հայտարարել է Արմեն Աշոտյանը: