NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Գործի վարույթը վերսկսվեց
Երևանի քրեական դատարանը այսօր որոշել է վերսկսել Վարդան Ջհանգիրյանի դեմ հարուցված քրեական գործի վարույթը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ Վճռաբեկ դատարանը, Վ. Ջհանգիրյանին առաջադրվել էր մեղադրանք ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 2-րդ մասով:
Քրեական գործի վարույթը վերսկսվել է «Նկատի ունենալով, որ քրեական գործի վարույթի կասեցման հիմք ծառայած հանգամանքը վերացել է և հիմք ընդունելով դատարանի հարցմանն ի պատասխան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի 01.10.2008թ. գրությունն այն մասին, որ Վարդան Վրեժի Ջհանգիրյանը 2008 թվականի սեպտեմբերի 30-ին դուրս է գրվել հիվանդանոցից որոշակի լավացումով»:
Հիշեցնենք, որ սույն թվականի սեպտեմբերի 22-ին Երևանի քրեական դատարանը, քննարկելով Վարդան Վրեժի Ջհանգիրյանի շահերի պաշտպանների միջնորդությունը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամբաստանյալ Վ. Ջհանգիրյանը երկարատև բուժման կարիք ունի անկողնային ռեժիմի պայմաններում, որի հետևանքով գործի վարույթին մասնակցել չի կարող և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ինչպես նաև 313-րդ հոդվածով, որոշել էր կասեցնել քրեական գործի վարույթը։
