NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ԱՄՆ–ը հորդորում է
«Մենք հորդորում ենք Հայաստանի կառավարությանը մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված գործերը արագ ավարտին հասցնել բաց, թափանցիկ եւ արդարացի ձեւով», հայտարարել է Հայաստանում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Մարի Յովանովիչը:
Կիսում եք արդյոք տեսակետը, թե Հայաստանն այսօր ունի քաղբանտարկյալների խնդիր, դեսպանն ասել է. «ցանկացած պարագայում, երբ մարդիկ անազատության մեջ են հայտնվում իրենց քաղաքական հայացքների եւ գործունեության` այդ թվում ցույցերին մասնակցելու համար, մտահոգվելու առիթ կա: Սա մի մտահոգություն է, որը մենք կիսել ենք Հայաստանի կառավարության հետ եւ հրապարակավ հայտնել դրա մասին։ Կցանկանայի, որ մի բան հստակ լիներ։ Յուրաքանչյուր կառավարություն պետք է տարբերակի այն անձանց, ովքեր պարզապես իրականացրել են իրենց քաղաքական իրավունքները, տվյալ դեպքում` հավաքների եւ ցույցերի ազատությունը, այն անձանցից, ովքեր բռնություններ եւ անօրինական գործողություններ են կատարել»։
ԱՄՆ նորանշանակ դեսպանը խոսել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների մասին եւ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին Հայաստան հրավիրելու Սերժ Սարգսյանի քայլը որակել «խիզախ»։ Այցը «նոր հնարավորություններ է ստեղծում սահմանի բացման եւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների կարգավորման տեսանկյունից: Բաց սահմանները, տնտեսական հնարավորությունները կարող են փոխել բազմաթիվ հայերի կյանքը: Միացյալ Նահանգները, նաեւ ես ամեն ինչ կանենք այդ ջանքերին օժանդակելու համար»։
Իսկ ղարաբաղյան հակամարտության մասին էլ Մարի Յովանովիչն ասել է, որ Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը դրական քայլ էր։ «Հայաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը հարեւաններ են, եւ դա շատ նորմալ է, որ արտգործնախարարները հանդիպում են եւ քննարկում են ընդհանուր հետաքրքրության հարցեր, եւ մենք նման զարգացումները կողջունենք»։
