ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ երկրորդ հայտարարությունը

Երեւանի Կենտրոն համայնքում սեպտեմբերի 28-ի ընտրություններից հետո ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ առաջին հայտարարությունը Հայ ազգային կոնգրեսը տարածեց սեպտեմբերի 30-ին։ Հոկտեմբերի 1-ին ՀԱԿ–ը տարածել է երկրորդ հայտարարությունը:

«Վերջին շրջանում անցկացված ՏԻՄ ընտրությունները վերահաստատեցին, որ վարչախմբի կողմից հռչակած ինչ-որ փոփոխությունները, օրինականության դաշտին մոտենալու խոստումները բացարձակ սուտ են։ Ընդհակառակը՝ ակնհայտ դարձավ, որ Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում Հայաստանում խորանում է մի իրական քրեական հեղափոխություն։ Վարչախումբը, մատնելով իր քաղաքական սնանկությունը, շատ ավելի մեծ գրավ է դնում քրեական աշխարհի վրա՝ անմնացորդ ու բացահայտ ապավինելով զինված բանդաների, թաղային հեղինակությունների հնարավորություններին ու խրախուսելով դրանք։ Վերջիններիս դերակատարությունը՝ ընտրատեղամասեր ներխուժելու, զանազան ապօրինություններ կատարելու, ահաբեկչությունների տեսքով, ՏԻՄ ընտրություններում պարզապես բազմապատկվել էր։

Որպես կրիմինալի ջերմեռանդ պաշտպաններ, որակապես նոր աստիճանի են բարձրացել դատարանները։ Քանաքեռ-Զեյթուն համայնքում անցկացված ընտրությունների բողոքարկման եւ դրան հաջորդած դատավարության ընթացքում անտեսվեց ընդդիմության կողմից բացահայտված այնպիսի մի ակնառու փաստ, ինչպիսին է բազմաթիվ, շուրջ 30%, կեղծ (այլ գույնի) քվեաթերթիկների օգտագործումը։ Միայն դա, էլ չենք խոսում նմանօրինակ այլ խախտումների մասին, ավելի քան բավարար էր այդ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար։ Մինչդեռ դատարանը մերժեց անգամ հետազոտել այդ անհերքելի ապացույցը։ Դատական համակարգի այսօրինակ պահվածքը անիմաստ է դարձնում մինչեւ վերջ քրեականացված ընտրությունների բողոքարկումը նույնքան քրեականացված որեւէ դատարան։ Ուստիեւ Կենտրոն համայնքի ընտրություններում կատարված խախտումները պարզապես կներկայացվեն հասարակությանը, շահագրգիռ միջազգային կազմակերպություններին եւ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին։

Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ վարչախմբի ինչպես մինչեւ այժմ, այնպես էլ այսուհետեւ գործադրած բռնությունները եւ ապօրինությունները չեն ազդելու ո՛չ մեր պայքարի հաստատակամության, ո՛չ էլ քաղաքական վարքագծի վրա։ Համաժողովրդական աջակցությամբ մենք շարունակելու ենք պայքարը երկրում ազատության, ժողովրդավարության եւ օրինականության հաստատման համար՝ օգտվելով քաղաքական պայքարի բոլոր մեթոդներից ու միջոցներից»։