NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Համագործակցություն ընտրական ոլորտում
Այսօր Երեւանում հանդիպել են Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանն ու Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Չուրովը եւ խոսել համագործակցության զարգացման մասին։
«Այցի ընթացքում քննարկումների թեմաներից մեկը ընտրական համակարգերի բնագավառում միջազգային համագործակցության զարգացումն է։ Մեր գործունեության շրջանակը շատ լայն է։ Ես և իմ գործընկեր Գարեգին Ազարյանը վերջերս հանդիպել ենք ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների բյուրոյի նոր տնօրեն Յանեզ Լենարչիչի հետ, պայմանավորվածություն ենք ձեռք բերել ընտրական համակարգերի համեմատական վերլուծության և էլեկտրոնային քվեարկության համակարգի բնագավառներում համագործակցության զարգացման մասին։ Մենք ունենք ընդհանուր շատ խնդիրներ և աշխատանք, որոնց մասին միշտ տեղյակ ենք պահում միմյանց», հանդիպումից հետո հայտարարել է Վլադիմիր Չուրովը։
«Մենք վաղեմի ծանոթներ ենք, այն պահից, երբ Գարեգին Երկրորդը Ալեքսի Երկրորդ Պատրիարքի հետ օծեց Սանկտ-Պետերբուրգի Սուրբ Եկատերինայի եկեղեցին։ Այդ ժամանակ ես այդ արարողության գլխավոր կազմակերպիչներից մեկն էի»,- հիշեցրել է Չուրովը։
Մեր կողմից հավելենք, որ Հայաստանում անցկացվող ընտրություններում ԱՊՀ դիտորդական առաքելությունը որպես կանոն ղեկավարում են Ռուսաստանի ներկայացուցիչները եւ որպես կանոն՝ ճանաչում ընտրությունների արդյունքները, անկախ միջազգային այլ դիտորդների եզրակացություններից։
