NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ԱՄՆ փորձագետները կժամանեն Հայաստան
Հոկտեմբերի 5-11-ը Հայաստանում են գտնվելու երեք հայտնի ամերիկյան փորձագետներ, ովքեր նախկինում եղել են Միացյալ Նահանգների նկատմամբ իրականացված ահաբեկչական հարձակումների հարցով ազգային հանձնաժողովի (առավել հայտնի է որպես սեպտեմբերի 11-ի գործով հանձնաժողով) կազմում: Փորձագետները քննարկումներ կունենան մարտի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ուսումնասիրությամբ զբաղվող ՀՀ պաշտոնյաների, մասնավորապես Ազգային ժողովի 2008 թվականի մարտի 1-2 Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովի հետ:
Ամերիկյան փորձագետները հայ գործընկերներին կներկայացնեն իրենց փորձն ու սեպտեմբերի 11-ի գործով հանձնաժողովի քաղած դասերը: Նրանք կներկայացնեն կառավարման, աշխատանքների իրականացման վերաբերյալ իրենց գիտելիքները, սեպտեմբերի 11-ի գործով հանձնաժողովի ունեցած հաջողություններն ու դժվարությունները թե ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին, թե խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներին աջակցելու նպատակով ստեղծվելիք անկախ փորձագետների խմբի ձևավորման հարցում ներգրավված պաշտոնյաներին: Փորձագետները քրեական գործի հետաքննության հետ կապված հարցերով քննարկումներ կունենան նաև ՀՀ գլխավոր դատախազի հետ:
Այս այցի միակ նպատակը Միացյալ Նահանգների սեպտեմբերի 11-ի գործով հանձնաժողովի աշխատանքի հետ կապված տեղեկություններն ու գործունեությունից քաղած դասերը ներկայացնելն է: Սեպտեմբերի 11-ի գործով հանձնաժողովի փորձագետները Հայաստանում կատարված իրադարձությունների քննության կամ հետաքննության հարցում որևէ ուղղակի օժանդակություն չեն ցուցաբերի: Նրանք չեն կատարի որևէ գնահատում ու չեն պատրաստի որևէ հաշվետվություն Հայաստանում ընթացքի մեջ գտնվող աշխատանքների վերաբերյալ:
Այս այցելության միտքն առաջ քաշվեց ՀՀ պաշտոնյաների կողմից ս.թ. հունիսին պետքարտուղարի տեղակալ Դեյվիդ Քրամերի Երևան կատարած այցի ժամանակ: Փորձագետների այցի հովանավորն է ԱՄՆ դեսպանությունը, իսկ ֆինանսավորումն ապահովվում է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից: Փորձագետներն են Քրիստոֆեր Կոյմը, Ջոն Ֆարմերը և Մայքլ Հարլին:
Սեպտեմբերի 11-ի գործով հանձնաժողովի մասի
ն
Սեպտեմբերի 11-ի գործով հանձնաժողովը ստեղծվեց որպես անկախ հանձնաժողով` կազմված երկու հիմնական կուսակցությունների ներկայացուցիչներից, 2001թ. սեպտեմբերի 11-ին Միացյալ Նահանգների նկատմամբ կատարված ահաբեկչական հարձակումների գործը քննելու նպատակով: Շատ ամերիկացիներ կարծում էին, որ ԱՄՆ պատկան գերատեսչությունների անփույթ ու ոչ կոմպետենտ աշխատանքն է, որ թույլ չի տվել նախապես հայտնաբերել ու կանխել այդ հարձակումները: Ամերիկյան հասարակությունը պահանջում էր ստեղծել հատուկ հանձնաժողով, որը կքններ այս մեղադրանքի հետ կապված բոլոր փաստերը: Սեպտեմբերի 11-ի գործով հանձնաժողովի կազմում ընդգրկվեցին 10-ը հոգի` 5 դեմոկրատ և 5 հանրապետական, որոնք բոլորն էլ նախկինում բարձր պաշտոններ էին զբաղեցրել դաշնային ու նահանգային իշխանությունների կազմում: Հանձնաժողովը քննության առավ պետական կառույցների հազարավոր էջեր կազմող գրառումներ, այլ փաստարկներ, հարցաքննեց հարյուրավոր պետական պաշտոնյաների ու այլ վկաների: Այս ծավալուն աշխատանքների իրականացման հարցում հանձնաժողովի անդամներին աջակցում էր 75 հոգուց կազմված մասնագիտական աշխատակազմը: Հայաստան այցելող պատվիրակության կազմում այդ աշխատակազմի երեք ամենաբարձրաստիճան ներկայացուցիչներն են, ովքեր իրավունքի, օրենսդրական վերահսկողության ու ազգային անվտանգության հարցերով հայտնի փորձագետներ են:
Փորձագետների մասին
Քրիստոֆեր Կոյմ. Սեպտեմբերի 11-ի գործով հանձնաժողովի գործադիր տնօրենի տեղակալն էր և զբաղվում էր հանձնաժողովի աշխատանքների կազմակերպչական ու կառավարման հարցերով: Ք. Կոյմը ներկայումս Ջ. Վաշինգթոնի համալսարանում միջազգային հարաբերությունների պրոֆեսոր է: 1984-98թթ. աշխատել է Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմում` զբաղեցնելով տարբեր պաշտոններ: Ք. Կոյմը նաև եղել է փոխպետքարտուղարի օգնական: 2004թ. սեպտեմբերից մինչև 2005թ. դեկտեմբերը նա ղեկավարել է սեպտեմբերի 11-ի գործով հանձնաժողովի Հանրային երկխոսության ծրագիրը, որի նպատակն էր ամերիկյան հասարակությանը իրազեկել սեպտեմբերի 11-ի դեպքերի մասին ու ներկայացնել հանձնաժողովի աշխատանքը:
Մայքլ Հարլի. 2003թ. մայիսից մինչև 2004թ. հուլիսը Մ. Հարլին եղել է սեպտեմբերի 11-ի գործով հանձնաժողովի Հակաահաբեկչական քաղաքականության հետաքննման հարցերով համակարգողն ու ավագ փաստաբանը: Ազգային անվտանգության ու հակաահաբեկչության ոլորտում փորձագիտական աշխատանքի շուրջ 30 տարվա փորձ ունի: Նախագահ Քլինթոնի օրոք աշխատել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում, իսկ վերջերս զբաղեցնում էր պետքարտուղարության հակաահաբեկչության համակարգման հարցերով պատասխանատու դեսպանի հատուկ խորհրդականի պաշտոնը: Ներկայումս Team 3i LLC միջազգային խորհրդատվական կազմակերպության նախագահն է, ինչպես նաև Միջին Արևելքի անվտանգության հարցերով նախագահ Բուշի հատուկ դեսպանորդ, պաշտոնաթող գեներալ Ջեյմս Ջոնսի հատուկ խորհրդականը իսրայելա-պաղեստինյան հակամարտության հարցերի շուրջ: Իր մասնագիտական գործունեությունը Մ. Հարլին սկսել է որպես դատական փաստաբան Միննեսոտայում:
Ջոն Ֆարմեր. 2003-2004թթ. եղել է սեպտեմբերի 11-ի գործով հանձնաժողովի ավագ փաստաբանը` զբաղվելով ահաբեկչական հարձակումներից հետո ձեռնարկված արձագանքման արտակարգ գործողություններին վերաբերող հարցերով: Ներկայումս Արսենո, Ուիփլ, Ֆարմեր, Ֆասեթ և Ազարելո փաստաբանական ընկերությունների բաժնետեր/գործընկեր է: 1999-2002թթ. զբաղեցրել է Նյու Ջերսի նահանգի (բնակչությունը` 8.7 միլիոն) Գլխավոր դատախազի պաշտոնը, ընդ որում ամերիկյան համակարգում այս պաշտոնում համատեղված են գլխավոր դատախազի ու արդարադատության նախարարի գործառույթները: Ջ. Ֆարմերը նաև եղել է քաղաքական կոռուպցիայի ու կազմակերպված հանցավորության վերահսկման հարցերով զբաղվող Նյու Ջերսիի հետաքննությունների նահանգային հանձնաժողովի անդամ: Մինչ այդ եղել է Նյու Ջերսիի նահանգապետի գլխավոր իրավախորհրդատուն, իսկ ավելի վաղ գլխավոր իրավախորհրդատուի տեղակալը: Նախքան Նյու Ջերսիի նահանգային կառույցներում աշխատանքի անցնելը Ջ. Ֆարմերը դաշնային դատախազի տեղակալն էր Նյու Ջերսիի դաշնային դատական օկրուգում, որտեղ նա զբաղվում էր կազմակերպված հանցավորության, առևանգումների, բանկային կողոպուտների ու ֆինանսական զեղծարարությունների հետապնդմամբ: Ջ. Ֆարմերը նաև Միջին Արևելքի անվտանգության հարցերով հատուկ դեսպանորդ Ջեյմս Ջոնսի հատուկ խորհրդականն է ու դասավանդում է Ռուտգերս համալսարանի իրավագիտության ֆակուլտետում:
