NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ՀԿ–ն խախտումներ է ներկայացնում
«Գերագույն խորհուրդ–պատգամավորական ակումբ» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել Հովիկ Աբրահամյանի ԱԺ նախագահ դառնալու եւ Կարեն Կարապետյանի ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար դառնալու վերաբերյալ։
«ԳԽ–ՊԱ»–ն նախ հիշեցնում է, որ «17-րդ ընտրատարածքում կատարված ընտրախախտումների վերաբերյալ 23.08.08թ, դիմում-բողոք ենք ներկայացրել ԿԸՀ-ին, որը վերջինս, ըստ էության, չի քննարկել։ 25.08.08թ. դիմել ենք ԿԸՀ-ին 17-րդ ընտրատարածքում ԱԺ ընտրությունների արդյունքների ամփոփման ԸԸՀ-ի համապատասխան նիստի արձանագրության պատճենը ստանալու նպատակով, որը ԿԸՀ-ը նույնպես չի ապահովել: 16.09.08թ. դիմել ենք ՀՀ 17-րդ ԸԸՀ-ին, խնդրելով տրամադրել հիշյալ արձանագրության պատճենը, որն առ այսօր չենք ստացել: Միայն, այդ փաստաթղթից կարելի է եզրակացնել, թե ինչպե՞ս է Ընտրական հանձնաժողովը շրջանցել ԸՕ այդ կարևորագույն պահանջների չկատարման քննարկումը և որոշում ընդունել պատգամավորի ընտրության մասին:
Ըստ կազմակերպության, «Կոալիցիա կոչվող խմբի ներկայացուցիչները և այլ պաշտոնատար անձինք, կոպտորեն խախտելով ԸՕ մի շարք պահանջներ, լայնածավալ քարոզչություն են իրականացրել ԱԺ պատգամավորության թեկնածու Հ.Աբրահամյանի օգտին: Խախտելով ԸՕ պահանջները, Ընտրական հանձնաժողովն իր հերթին որևէ միջոց չի ձեռնարկել այդ խախտումների հետևանքները վերացնելու ուղղությամբ, այդ թվում թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու ուղղությամբ»:
Վերջում հայտարարության հեղինակները նկատում են. «հույս ենք հայտնում, որ ԱԺ Նախագահի պաշտոնը ստացած Հ.Աբրահամյանը կկատարի ԱԺ երեկվա նիստում տված իր խոստումը, այն է` հետամուտ կլինի յուրաքանչյուր, հավանաբար նաև իրեն առնչվող, ընտրախախտման բացահայտմանը:
Այսինքն` կաջակցի մեզ, պատգամավորի իր լեգիտիմությունն ապացուցելու մեր հետագա նախաձեռնություններին: Չէ՞ որ, անգամ, երկրի երկրորդ դեմք է համարվում»:
Իսկ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի մասին էլ «Գերագույն խորհուրդ–պատգամավորական ակումբը» նկատում է, «զինվորական ծառայություն չանցած հերթական ՀՀԿ-ականը, ՀՀ օրենսդրության պահանջների («Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 30 հոդվածի 4-րդ մասի պահանջներ) կոպիտ խախտումներով նշանակվեց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար: Հետաքրքիր է, որ այս պաշտոնը, երկրի, թերևս, միակ բարձրաստիճան պաշտոնն է, որը համառորեն զբաղեցնում են միայն զինվորական ծառայություն չանցած անձինք»։
