Ըստ նախնական արդյունքների` Կենտրոնի եւ Նոր Նորքի թաղապետները վերընտրվել են

Երեւանի Կենտրոն եւ Նոր Նորք համայնքներում կիրակի օրը անցկացված
ընտրությունների նախնական արդյունքներով, վերընտրվել են գործող թաղապետները`
հանրապետականներ Գագիկ Բեգլարյանը եւ Դավիթ Պետրոսյանը:

Համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքների`
Կենտրոնում քվեարկությանը մասնակցած 31691 ընտրողներից Գագիկ Բեգլարյանի օգտին
քվեարկել են 22369-ը, ընդդիմության թեկնածուի` Հայոց համազգային շարժման վարչության
նախագահ Արարատ Զուրաբյանի օգտին` 8085-ը, անվավեր քվեաթերթիկների թիվը 1117 է:

Նոր Նորք համայնքում, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տրամադրած նախնական
արդյունքների, քվեարկությանը մասնակցած 29395 ընտրողներից գործող թաղապետ Դավիթ
Պետրոսյանի օգտին քվեարկել են 16913-ը, իսկ նրա մրցակից` նույնպես հանրապետական
Մելիք Գասպարյանի օգտին` 10982-ը, անվավեր քվեաթերթիկների թիվը 1479 է:

Ինչպես այսօր առավոտյան «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Կենտրոն համայնքը
ընդգրկող թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սիլվա Մարկոսյանը,
կան դիմում-բողոքներ` շուրջ մեկեւկես տասնյակ ընտրատեղամասերում վերահաշվարկի
պահանջով: Դրանք, ըստ օրենքի, պետք է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից
ընդունվեն այսօր մինչեւ ժամը 14:00-ը:

Այս համայնքում տեղամասերի ընդհանուր թիվը 54-ն է:

Սիլվա Մարկոսյանը հայտնեց, որ երեկ օրվա ընթացքում եղել են ահազանգեր մի շարք
տեղամասերում խախտումների վերաբերյալ. - «Այդ ահազանգերին հանձնաժողովը արձագանքել
է այցելությամբ այդ տեղամասեր: Որոշ տեղեր համընկել են` մանր-մունր խախտումներ եղել
են, որոշ տեղեր ինֆորմացիան չի համընկել»:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի վկայությամբ` ընտրությունները,
ընդհանուր առմամբ, անցել են առանց լուրջ միջադեպերի. - «Համենայն դեպս, մեզ նման
բողոք հայտնի չէ` լուրջ բողոք, որը կարող է ընտրության արդյունքների վրա ազդել»:

«Ազատություն» ռադիոկայանի լրագրողը, երեկ օրվա ընթացքում այցելելով թիվ 10
ընտրատարածքի 7 տեղամաս, գրեթե բոլոր տեղամասերի մոտ մարդկանց եւ ավտոմեքենաների
կուտակումների ականատես եղավ, ընդ որում` ոչ ոստիկանները եւ ոչ էլ ընտրական
հանձնաժողովների նախագահները միջոցներ չէին ձեռնարկում կուտակումները վերացնելու
ուղղությամբ:

Ընտրական տեղամասերը տեղակայված էին հիմնականում դպրոցներում եւ մանկապարտեզներում`
յուրաքանչյուրում մեկից ավելի տեղամաս: Եվ վստահված անձինք պնդում էին, թե
ընտրողները հեշտությամբ մուտքից մուտք, տեղամասից տեղամաս էին մտնում քվեարկության:

Մասնավորապես, թիվ 10/30 տեղամասում «Թրանփերենսի ինթերնեշնըլ» հակակոռուպցիոն
կենտրոնից դիտորդ Սոնա Այվազյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց. - «Դրսում
խմբված մարդիկ կային, եւ երկրորդ հարկի անցումով մասնաշենքից մասնաշենք տարբեր
մարդիկ են վազվզում այս կողմ-այն կողմ: Երբ փորձեցինք լուսանկարել` նրանք վերցրեցին
ապարատը, միջի ժապավենը հանեցին եւ ապարատը ինչ-որ ժամանակ անց վերադարձրեցին`
հայհոյանքներով: Այստեղ ոստիկանները ընդհանրապես չեն վերահսկում, նախագահը պարզապես
չի դիմել ոստիկաններին: Նախագահին ենք ասել, նախագահը տեղյակ է»:

Հանձնաժողովի նախագահների վերաբերմունքից դժգոհեցին մի շարք այլ տեղամասերում
ավագանու անդամների թեկնածուների վստահված անձինք:

Մի քանի տեղամասում, հատկապես` թիվ 10/06, 10/07, 10/09, 10/52, քվեախցիկներում
երկուական հոգի էին քվեարկում: Մեկի համար պատճառաբանեցին, թե լավ չի տեսնում,
մյուսի համար` թե լավ չգիտե, թե ինչպես պետք է քվեարկի, մեկ այլ դեպքում
հանձնաժողովի անդամները հայտարարում էին, թե քվեարկողները ամուսիններ են:

Արարատ Զուրաբյանի ընտրական շտաբի աշխատանքները համակարգող Խաչատուր Քոքոբելյանը
երեկոյան «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ ժամը 17:00-ի դրությամբ արդեն
ավելի քան 50 կոպիտ խախտում են արձանագրել. - «10/51, 10/52, 10/53 տեղամասերում
ամենաբռնի դեպքերն են գրանցվել, այսինքն` վստահված անձերին եւ նույնիսկ
հանձնաժողովի անդամին` «Ժառանգության» ներկայացուցչին, բռնի կերպով դուրս են հանել,
եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Հովսեփ Խուրշուդյանի ներկայությամբ
տեղի է ունեցել լցոնում: Դա արձանագրվել է, հանձնաժողովը այդ արձանագրությունը չի
վերցրել, մենք ընտրատարածքային հանձնաժողով ենք ներկայացնելու, այնուհետեւ
կներկայացնենք Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Նույն տիպի կոպիտ խախտումներ տեղի
են ունեցել թիվ 10/33, 10/29, 10/30, 10/31 տեղամասերում, եւ 10/32, 10/33
տեղամասերում լրագրողներին արգելել են մտնել տեղամասի տարածք»:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» կուսակցության
ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում
հայտարարեց, թե «այն, ինչ տեղի ունեցավ 10/52 ընտրական տեղամասում, որը գտնվում է
Կիլիկիայում, այլ կերպ, քան կրիմինալ հեղափոխություն, ես որակել չեմ կարող»:
Խուրշուդյանի բնորոշմամբ` նման «խայտառակ» ընտրությունների ինքը երբեւէ ականատես չի
եղել:

Գագիկ Բեգլարյանի շտաբի ներկայացուցիչ Գագիկ Գյանջումյանը, սակայն, «Ազատություն»
ռադիոկայանի հետ զրույցում «բնականոն» որակեց քվեարկության ընթացքը եւ ասաց, որ
իրենք խախտում չեն արձանագրել:

Կիրակի օրը նաեւ ավագանու ընտրություններ են անցկացվել մայրաքաղաքի հիշյալ երկու,
ինչպես նաեւ Ավան, Նորք-Մարաշ, Դավիթաշեն եւ Շենգավիթ համայնքներում: Կենտրոնում
ավագանու անդամ է ընտրվել ընդդիմության ներկայացուցիչ` Հայոց համազգային շարժման
երիտասարդական կառույցի ղեկավար Կարեն Կարապետյանը:

Կարինե Քալանթարյան եւ Տաթեւիկ Լազարյան