Գաղտնի որոշում չի լինի

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ երկրի կառավարությունը մտադիր չէ որևէ գաղտնի որոշում ընդունել ուսանողներին զինծառայության տարկետումից զրկելու մասին։

<Մեր կառավարությունն առաջին օրվանից հայտարարել է, որ առավելագույնս հարապարակային է լինելու իր գործունեության մեջ։ Կառավարության կողմից մշակվող բոլոր փաստաթղթերը, նախագծերն ու հայեցակարգերն, առաջին հերթին, անցնելու են հասարակական քննարկում։ Այսինքն, քանի դեռ մենք չենք քննարկում հասարակության հետ կարևորագույն հայեցակարգային փաստաթղթերը, մենք չենք դարձնում դրանք կառավարության քննարկման առարկա>, վստահացրել է Տիգրան Սարգսյանը:

<Ես վստահեցնում եմ մեր քաղաքացիներին, որ նման գաղտնի որոշումներ կառավարությունը մտադիր չէ ընդունել։ Ուսանողներին և բանակին վերաբերող յուրաքանչյուր որոշում առաջին հերթին պետք է դառնա հասարակական քննարկման առարկա։ Առայժմ նման փաստաթուղթ, որ դուրս կբերվի հասարակական քննարկման, պատրաստ չէ: Գաղափարը նոր չէ։ Այն բազմիցս բարձրացվել է Գերագույն Խորհրդում, Ազգային Ժողովում։ Բնականաբար, սա այն կարևոր խնդիրներից է, որ հետաքրքրում է մեր քաղաքացիներին, և առաջին հերթին, նրանց, ովքեր ընտանիքում ուսանող ունեն»,- նկատել է վարչապետը: