Քարոզչական պատերազմում պարտվում ենք

«Տեղեկատվական քարոզչության գործում Հայկական ԶԼՄ-ները զիջում են Թուրքիային և Ադրբեջանին: Հայաստանի մասին տեղեկատվությունն արտասահմանում տարածվում է ադրբեջանական ու թուրքական կայքերի միջոցով, որոնք հազվադեպ են անկողմնակալ լինում: Հայաստանի ԶԼՄ-ները հոգ չեն տանում այն մասին, որ իրենց տեղեկատվությունն ավելի լայն լսարանների հասնի՝ այդպիսով անհետևողականություն դրսևորելով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից մեզ հայտարարված քարոզչական պատերազմում» , Երեւանում հայտարարել է ամերիկյան «Հարեյան Publishing» տեղեկատվական ընկերության տնօրեն Արմեն Հարեյանը։

Նրա խոսքով, մասնավորպես, Google համակարգում որոնման դեպքում Հայաստանի մասին տեղեկատվություն հազվադեպ կարելի է գտնել հայկական կայքերում, մինչդեռ թուրքական և ադրբեջանական ԶԼՄ-ները բավականին լուրջ աշխատանք են կատարում այդ ուղղությամբ։
«Այդ խնդրին անհրաժեշտ է նորովի մոտենալ։ Դրա հաղթահարման համար հայկական ԶԼՄ-ները պետք է համատեղ աշխատեն՝ համակարգվելով կառավարական կամ ոչ կառավարական կենտրոնի կողմից։ Մեր հեռուստաալիքներն իրենց on-line տարբերակները չունեն։ Մենք դեռ նախընտրում ենք տպագիր մամուլը, այն դեպքում, երբ ամբողջ աշխարհում մամուլն արդեն անցել է online-media ձևաչափի։ Անհրաժեշտ է սեփական տեղեկատվությունը ճանաչելի դարձնել որոնման համակարգերի համար։ Օրինակ, պետք է ՀՀ-ի փոխարեն Հայաստան անվանումն օգտագործել։ Մարդիկ ավելի ու ավելի հաճախ նորություններ կարդալու ժամանակ չեն գտնում, նրանք նախընտրում են լսել կամ տեսանյութեր դիտել։ Հայաստանի ԶԼՄ-ները պետք է զարգանան այս միտումներին համընթաց»,- նշեց Արեյանը։