NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ով է ընտրակեղծիքներ նախապատրաստում
«Ընդդիմությունը պատրաստվում է ընտրակեղծիքներ իրականացնել կիրակի օրը մի շարք համայնքներում, այդ թվում Երեւանի Կենտրոն համայնքում անցկացվելիք թաղապետի ընտրություններում: Ընտրակեղծիքները դարձել են ընտրությունների միակ, ոնց ասեմ, ընդդիմության կողմից այցեքարտը: Բոլորս գիտենք, որ մենք պետք է ամբողջ ազգով պայքարենք ընտրակեղծիքների դեմ։ Չգիտես ինչու, ընդունել են մի գաղափար` ընտրակեղծիքներ անում են միայն իշխանության ներկայացուցիչները, դա այդպես չէ: Անում են ընդդիմության ներկայացուցիչները նույնպես», «Ազատություն» ռադիոկայանին ասել էր Կենտրոնի գործող թաղապետ եւ թաղապետի թեկնածու Գագիկ Բեգլարյանը:
Այս հայտարարությանը ի պատասխան Կենտրոնի նախկին թաղապետ եւ թաղապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը այսօր լրագրողներին ասել է, որ ընտրական հանձնաժողովի բոլոր անդամները, բացի Ժառանգության ներկայացուցչից, իշխանության ներկայացուցիչներն են, հետեւաբար այդ դեպքում խոսել ընդդիմության պատրաստվելիք ընտրակեղծիքների մասին, նշանակում է վկայել, որ իշխանությունն ինքն է պատրաստում կեղծիք, բայց մտադիր է այն բարդել ընդդիմության վրա:
«Հայաստանում բոլորը գիտեն, թե ովքեր են ընտրակեղծիք իրականացնողները, ու այդ դեպքում անտրամաբանական է խոսել ընդդիմության ծրագրած ընտրակեղծիքների մասին:Կենտրոնի թաղապետի ընտրությանը իշխանությունը գործի կդնի բոլոր այն ընտրակեղծիքները, որ կիրառել է նախագահի ընտրությանը: Ամեն մի ընտրության ժամանակ իշխանությունը նաեւ մի նոր ընտրակեղծիքի ձեւ է գտնում», հայտարարել է Արարատ Զուրաբյանը։
Արարատ Զուրաբյանն կարծում է, որ առողջ բանականությունը կհաղթանակի, եւ իշխանությունը չի գնա այդ ճանապարհով, քանի որ այդ ճանապարհով ձեւավորված իշխանությունը չի կարող երկար կյանք ունենալ:
