NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Քրգործ հոդվածի հիման վրա
Ինչպես տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը, 2008 թվականի օգոստոսին պետական շահերի պաշտպանության նկատառումներով Լոռու մարզի դատախազության իրականացրած ուսումնասիրության արդյունքների եւ 2008 թվականի օգոստոսի 21-ին «ԱԶԳ» օրաթերթի թիվ 150(4044) համարի «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի ներդիրում տպագրված «Անտառտնտեսության տնօրենը սեփական սղոցարան ունի» վերտառությամբ հոդվածի հիման վրա Լոռու մարզի դատախազության հանձնարարությամբ ոստիկանության Լոռու քննչական բաժնում նախապատրաստված նյութերի արդյունքում հիմնավորվել է «Շնողի» անտառպետությունում ընկուզենի տեսակի ծառերի ապօրինի հատումների հանգամանքը: Հարուցվել է քրեական գործ:
Ըստ դատախազության, մասնավորապես՝ պարզվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ «Լալվարի» անտառտնտեսության «Շնողի» անտառպետության անտառապետ Ֆելիքս Բեկթաշյանը ծառայության նկատմամբ անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունք դրսեւորելով, պատշաճ չի ապահովել անտառի պահպանությունը, որի հետեւանքով «Շինի Խեչի ձոր» պահաբաժնում անհայտ անձանց կողմից ապօրինի հատվել է ընկուզենի տեսակի 8 հատ ծառ՝ 3.632.790 դրամ արժողության: Դեպքի առթիվ սեպտեմբերին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական անփութություն) եւ 296-րդ հոդվածի 3-րդ մասերի (ծառերի ապօրինի հատում, որն առաջացրել է առանձնապես խոշոր վնաս) հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ, բացի ապօրինի հատված ընկուզենի տեսակի հիշյալ 8 ծառերից, նույն ժամանակահատվածում նախկինում տարածքներ սեփականաշնորհած տարբեր անձանց կողմից ապօրինի հատվել է ընկուզենի տեսակի եւս 21 հատ ծառ: Նրանցից Շնող գյուղի բնակիչ Դուրմիշ Ավետյանի կողմից ընկուզենու 7 հատ ծառի ապօրինի հատումը օրինական ներկայացնելու նպատակով՝ Շնողի համայնքապետ Հայկազ Քոչինյանը, քրեական գործի նախաքննության ընթացքում, իր պաշտոնեական պարտականությունները չարաշահելով կազմել եւ Դ.Ավետյանին է տրամադրել ծառերի հատումը թույլատրելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկանքներ՝ հետին ամսաթվով: Հիշյալ դեպքի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ՝ 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիք) հատկանիշներով:
Դատախազությունը խոստանում է նախաքննության արդյունքների մասին լրացուցիչ տեղեկացնել:
