NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ֆրանսիա գնալիս էլ մատնահետք կվերցնեն
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը սույն տարվա հոկտեմբերի 6-ից ներմուծում է մուտքի բիոմետրիկ արտոնագրերի տրամադրման նոր համակարգ, այսօր հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի հյուպատոս Ժակի Շարոտը։
«Համակարգը ենթադրում է, որ հյուպատոսական բաժնի աշխատակիցներն անմիջապես տեղում մուտքի արտոնագրեր ստանալ ցանկացողներից մատնահետքեր կվերցնեն ու թվային լուսանկարներ կանեն։ Ենթադրվում է, որ այս գործողություններն ընդամենը երկու րոպե կխլեն», պարզաբանել է Ժակի Շարոտը։
Յուրաքանչյուր քաղաքացուց մատնահետք երեք անգամ է վերցվելու. սկզբում՝ աջ ձեռքի չորս մատի մատնահետքերը, հետո նաև՝ ձախի և վերջում՝ բթամատների մատնահետքերը։ Մատնահետք չի վերցվի միայն մինչև վեց տարեկան երեխաներից։
Մատնահետքերը վերցնելու արարողակարգից հետո, Շարոտի խոսքերով, կարվեն թվային լուսանկարները։ Ինչպես տեղեկացրեց հյուպատոսը, արարողակարգը մեծ անհարմարություն չի պատճառի մուտքի արտոնագիր ստանալ ցանկացողներին, քանի որ արդեն 2 տարի է, ինչ գործում է Ֆրանսիայի 20 դեսպանատներում ողջ աշխարհով մեկ, այդ թվում նաև հարևան Վրաստանում։
«Համակարգը գործում է առանց խոչընդոտների ու դժվարությունների ինչպես վարչական աշխատակազմի, այնպես էլ մուտքի արտոնագիր ստանալ ցանկացողների համար։ 2009 թվականից Ֆրանսիայի ևս 50 դեսպանատներում ամբողջ աշխարհում կներմուծվի մուտքի բիոմետրիկ արտոնագրերի համակարգը, մասնավորապես, Մոսկվայի ու Բաքվի դեսպանատներում»,-հայտարարել է Ֆրանսիայի հյուպատոսը։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունն առաջինը չէ, որ կիրառում է մուտքի բիոմետրիկ արտոնագրերի համակարգը, նման արտոնագրեր տրամադրվում են Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ, Բուլղարիայի դեսպանատներում, իսկ Գերմանիայի դեսպանատունը ծրագրում է ներդնել այդ համակարգը 2009–ի գարնանից։
Ինչպես այլ երկրները, Ֆրանսիան եւս հայտարարում է, որ մուտքի բիոմետրիկ արտոնագրերի համակարգը ներմուծվում է անվտանգության մակարդակի բարձրացման, անօրինական միգրացիայի եւ փաստաթղթերի կեղծման դեմ պայքարի խստացման համար։
