NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Նյու-Յորքում կքննարկվի «Դրությունը Ադրբեջանի գրավված տարածքներում»
Նյու Յորքում այսօր մեկնարկում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանը. ընդհանուր քննարկումները կսկսվեն մեկ շաբաթ անց եւ կշարունակվեն մինչեւ հոկտեմբերի 1-ը:
Քննարկվելիք հարցերից մեկը վերնագրված է` «Դրությունը Ադրբեջանի գրավված տարածքներում», եւ վերաբերում է դեռեւս անցած նստաշրջանի ընթացքում Ադրբեջանի կողմից շրջանառության մեջ դրված եւ Գլխավոր ասամբլեայի հավանությանն արժանացած բանաձեւին:
Շուրջ կես տարի առաջ` մարտին, ձայների 39 կողմ, 7 դեմ եւ 100 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունված այդ փաստաթղթով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան եւս մեկ անգամ ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ պահանջեց «գրավյալ» տարածքներից «հայկական բոլոր ուժերի անհապաղ, անվերապահ ու լիակատար դուրսբերում»: «ՄԱԿ-ի անդամ որեւէ պետություն չպետք է օրինական ճանաչի այն իրավիճակը, որ հիմա առկա է Lեռնային Ղարաբաղում, եւ չպետք է դիմի որեւէ քայլի, որը կարող է նպաստել այս կացության պահպանմանը կամ ամրապնդմանը», - նշված էր փաստաթղթում, որի դրույթներից մեկն էլ պահանջում էր քարտուղարությունից 63-րդ, այսինքն`այսօր մեկնարկող նստաշրջանի ընթացքում զեկույց ներկայացնել բանաձեւի շուրջ կատարված քայլերի մասին:
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի տեղեկություններով` խնդիրը քննարկվելու եւ տեղեկատվությունը ներկայացվելու է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի եռանախագահների ձեւաչափով:
Ինչպես հաղորդել է Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը, Գլխավոր ասամբլեայի այս նստաշրջանին կմասնակցի նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը: Պաշտոնական հաղորդագրության համաձայն` Հայաստանի նախագահը Նյու Յորք կմեկնի սեպտեմբերի վերջին եւ հանդես կգա ելույթով: ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի վկայությամբ` նախատեսված են նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ:
Ակնկալվում է, որ Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կհանդիպեն Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները: Հնարավոր է նաեւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ադրբեջանցի պաշտոնակցի` Էլմար Մամեդյարովի հետ. ինչպես ավելի վաղ հաղորդել էր Հայաստանի արտգործնախարարությունը, այդ հարցը քննարկվել է օգոստոսի սկզբին` Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների մոսկովյան հանդիպման ժամանակ:
