«Լոռե» Էկո-ակումբ հասարակական կազմակերպության հայտարարությունը

«Լոռե» Էկո-ակումբ հասարակական կազմակերպությունը անդրադարձել է ոսկու Արմանիս հանքավայրին: Հայտարարության մեջ ասվում է.

«Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Արմանիս թաղամասից 500 մետր հեռավորության վրա գործում է Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրը, որը շահագործում է «Սագամար» ՍՊԸ-ն: Հանքի գործունեության ընթացքում հաճախակի դարձած պայթուները, ինչպես ցերեկային` այնպես էլ գիշերային ժամերին, հանքում օգտագործվող քիմիական միացությունների պատճառով հարակից տնային տնտեսությունների բնակիչների մոտ առաջացող գլխացավերը ու սրտխառնոցը խիստ անհանգստություն են պատճառում տեղի բնակչությանը, հարուցում նրանց դժգոհությունը: Համաձայն ՀՀ «Շրջակա միջավայրի ազդեցության մասին» օրենքի, մինչեւ հանքավայրի շահագործումը անհրաժեշտ էր անցկացնել բնապահպանական փորձաքննություն եւ կազմակերպել հասարակական լսումներ` շահագռգիռ կողմերին իրազեկելու, նրանց կարծիքներին տեղեկանալու համար, ինչը չի արվել:

Լոռե Էկո ակումբ բնապահպանական կազմակերպությունը, օգտվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքից եւ հաշվի առնելով տեղի բնակչության համար բարձրացված խնդրի նշանակությունը, դիմեց բնապահպանության նախարարության համապատասխան մարմիններին եւ շահագործող ընկերությանըª հուզող հարցերի պարզաբանման խնդրանքով, սակայն ավելի քան երկու ամիս անց էլ մեր գրավոր հարցմանը Արմանիսի ոսկի բազմամետաղային հանքավայրի գործադիր տնօրեն Վ.Պապյանը չի պատասխանել, իսկ 13.06.2008թ. թվագրված ԲՊՏ պետի պաշտոնակատար Մ.Քամալյանի պատասխան գրությունը ընդանրապես չի վերաբերվում մեր հարցմանը: Առ այսօր այդ հարցմանը չի պատասխանել նաեւ բնապահպանության նախարարը:

Հանքի շահագործումը բնակավայրի անմիջական հարեւանությամբ, բնակչության իրավացի պահանջների արհամարհումը, եւ ընհանրապես` առանց հասարակական լսումների կազմակերպման հանքի շահագործումը կոպտորեն ոտնահարում են տեղի բնակչության իրավունքները, խախտում են «Շրջակա միջավայրի ազդեցության օրենքի», ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից 14.05.2001թ. վավերացված Օրհուսի կոնվենցիայի դրույթները: Պատկան մարմիներրը ոչ միայն ոչինչ չեն ցանկանում նկատել, այլեւ ինչպես համոզվեցինք մեր բանավոր զրույցներից` տարբեր մեթոդներով փորձում են քողարկել այս հանքավայրի առաջացրած խնդիրները:

Ուստի սա է պատճառը, որ դիմում ենք Ձեզ` այս անօրինականությունը դատապարտելու եւ սույն տեղեկատվությունը տարածելու համար, որը կընդառաջի մեզ լիարժեք տեղեկատվության ստացմանը, բնապահպանական փորձաքննության արդյունքների եւ օգտագործվող քիմիական միացությունների մասին տեղեկատվության հրապարակմանը, պետական մարմինների ներկայացուցիչների բացթողումների պատճառով վերջիններիս պատասխանատվության որոշմանը, ինչպես նաեւ ուշացած, սակայն անհրաժեշտ հասարակական քննարկումների կազմակերպմանը` տեղաբնակների շրջակա միջավայրի խնդիրներին տեղեկանալու համար»:

«Լոռե» Էկո-ակումբ ՀԿ նախագահ Մանյա Մելիքջանյան