NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Արդեն 150 000 ստորագրություն
Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած ընդդիմությունը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ ավելի քան 150 հազար ստորագրություն է հավաքել, այսօր լրագրողներին տեղեկացրել է առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։ Ինչպես հայտնի է, ընդդիմությունը ստորագրահավաք էր սկսել՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին Հաագայի միջազգային քրեական դատարանի առջև պատասխանատվության կանչելու համար։
Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանն էլ լրագրողների հետ հանդիպմանն այսօր տեղեկացրել է, որ Հայ ազգային կոնգրեսը գրասենյակների և տեղական կառույցների ձևավորմամբ է զբաղված։ Նրա խոսքով, ընթանում է նաև կոնգրեսի անդամագրման գործընթացը։ Լևոն Զուրաբյանը չի կարողացել նշել, թե այս պահին քանի մարդ է անդամագրվել ՀԱԿ–ին։ Նա նշել է միայն, որ իրենք նման վիճակագրություն չունեն, ավելին՝ իրենց համար կարևորը ոչ թե քանակն է, այլ՝ որակը։
Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն կողմակիցները, որ կալանավորվել են քաղաքական դրդապատճառներով, առողջական խնդիրներ ունեն, հայտարարել է Լեւոն Զուրաբյանը: «Քաղբանտարկյալների առողջական վիճակը շարունակում է մեզ անհանգստացնել։ Մենք շարունակում ենք պնդել, որ նրանց համարժեք բժշկական օգնություն չցուցաբերելը հավասար է խոշտանգման», ասել է Լևոն Զուրաբյանը։
«Իշխանությունները վախվորած են ժողովրդական բողոքից և փորձում են ամենափոքր բողոքի ակցիան ճնշել հենց սկզբնավորման փուլում», նկատել է Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանն՝ անդրադառնալով Հյուսիսային պողոտայի նստացույցի մասնակիցների վրա վերջին շրջանում տեղի ունեցած հարձակումներին։
