NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Թուրք ֆուտբոլասերները Հայաստան չեն գա
Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հրաժարվել է սեպտեմբերի 6-ին կայանալիք 2010թ. աշխարհի առաջնության ընտրական Հայաստան-Թուրքիա խաղի իր հասանելիք տոմսերից, հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Իսկ ֆուտբոլի հավաքականը ժամանելու է130 հոգանոց պատվիրակությամբ։
Ռուբեն Հայրապետյանը բացառեց, որ Հայաստան եւ Թուրքիայի հավաքականները կարող են պայմանավորված հանդիպում անցկացնել, ելնելով 2 երկրների միջեւ առկա քաղաքական հարաբերություններից. «Դա բացառվում է: Ինչպես կարող է իրենց հարգող երկիրը երբեւիցե նման խաղի մեջ մտնել»:
Խոսելով հավաքականի խաղացողների մարզավիճակի մասին` ՀՖՖ նախագահը ընդգծեց, որ հավաքականի թեկնածուները լավ վիճակում են ժամանել ազգային թիմի ճամբար. «Երեկ հավաքականը ոչ լրիվ կազմով թեթեւ մարզումներ է իրականացրել: 4 հոգի դեռ չէին ժամանել, սակայն դրանք էլ արդեն եկել են եւ այսօրվա մարզումներին կմասնացեն: Ես խոսել եմ մարզչի հետ, եւ նա բոլոր ներկա թեկնածուներից գոհ էր: Ուրախալի է, որ որեւէ վնասվածք չունեն: Երեկ ես նաեւ ժողով եմ արել: Բոլոր ֆուտբոլիստները մարտականորեն են տրամադրված եւ որեւէ խնդիր չպետք է լինի, որ այս խաղում մենք հաջողություն ունենք»։
Այդ ժողովի ընթացքում Ռուբեն Հայրապետյանը հավաքականի առջեւ խնդիր է դրել հաղթել առաջիկա մրցավեճում. «Հավաքականի առջեւ խնդիր է դրված նաեւ իրավունք ստանալ մասնակցելու 2010թ. աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին: 6 տարի է` ես ֆեդերացիայի նախագահն եմ եւ երբեք խնդիր չեմ դրել ոչ-ոքիով ավարտել հանդիպումը: Ես մաքսիմալիստ եմ եւ միշտ խնդիր եմ դրել հաղթել»:
