NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Նամակ հայոց վարչապետին
2003թ. ընդունված «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով սահմանվել է պետական կառավարման մարմինների կողմից տեղեկությունների հրապարակման եւ տրամադրման մասին կարգ սահմանելու անհրաժեշտությունը, սակայն առայսօր նման կարգ չկա։
Այս առթիվ «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանը հուլիսի 25-ին նամակ է ուղղել ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանին, ուր նկատել է, որ գործնականում հաճախ է դարձել քաղաքացիների տեղեկություն ստանալու իրավունքի խախտումը պետական կառավարման մարմինների կողմից տեղեկությունների տրամադրման կարգի բացակայության պատճառով: ԻԱԿ նախագահը կոչ է արել հնարավորինս սեղմ ժամկետում ընդունել այս կարգը:
«Ողջունելով կառավարման համակարգի բարեփոխմանն ուղղված ձեր բոլոր նախաձեռնությունները եւ ծրագրերը՝ կցանկանայինք ձեր ուշադրությունը հրավիրել մի կարեւոր հանգամանքի վրա։ Քաղաքացի-պետական մարմին հաղորդակցությունը եւ մարմինների գործունեության հրապարակայնությունն էապես բարելավելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ընդունել օրինակելի կարգ պետական կառավարման մարմինների կողմից տեղեկությունների հրապարակման եւ տրամադրման մասին։ Այս կարգի բացակայությունը լուրջ խոչընդոտներ է ստեղծում քաղաքացիների` տեղեկատվություն ստանալու սահմանադրական իրավունքի իրականացման գործընթացում: Նշենք, որ այս ժամանակահատվածում կայացվել են դատական ակտեր, որոնց հիման վրա դատարանը մերժել է քաղաքացու տեղեկություն ստանալու իրավունքի վերականգնման պահանջը՝ տեղեկության տրամադրման կարգի բացակայության հիմքով»« ասված է ԻԱԿ–ի նախագահի նամակում։
