NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Մյասնիկ Մալխասյանի վիճակը վատացել է
Մարտի 1-2-ի իրադարձություններից հետո կալանավորված Ազգային ժողովի պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի առողջական վիճակը վատացել է: Այդ տեղեկությունը առավոտյան ստացել է Դաշնակցության խորհրդարանական խմբակցության եւ մարտի 1-2-ի իրադարձությունները ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանը:
Մինասյանի կարծիքով` ինչպես պատգամավորների, այնպես էլ շատ այլ անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու անհրաժեշտություն չկա. - «Ես գտնում եմ, որ խափանման միջոցը շատ հեշտությամբ կարելի է փոխել եւ իրականացնել նույն քրեադատավարական գործողությունները մարդկանց ազատության մեջ թողնելով:
Մյասնիկ Մալխասյանի շահերի պաշտպան Մելանյա Առուստամյանը եւս անհանգստացած է իր պաշտպանյալի առողջական վիճակով եւ հայտարարել է, որ Մյասնիկ Մալխասյանը լուրջ հետազոտման եւ ստացիոնար բուժում ստանալու կարիք ունի: Փաստաբանը նաեւ վստահեցրեց, որ իր պաշտպանյալը քննությունից խուսափելու մտադրություն չունի:
Հայոց համազգային շարժման վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, ում անցյալ շաբաթ տեղափոխեցին քաղաքացիական բժշկական հաստատություն` հետազոտության նպատակով, դեռեւս բժիշկների հսկողության տակ է եւ ստացիոնար բուժում է ստանում հիվանդանոցում: Բժիշկների եզրակացությունը ստանալուն պես նախաքննության մարմինը որոշում կկայացնի` փոխե՞լ, թե՞ չփոխել Արարատ Զուրաբյանի խափանման միջոցը: Զուրաբյանի շահերի պաշտպաններն էլ միջնորդություն են ներկայացրել քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին, որի պատասխանը պետք է տրվի այս շաբաթվա առաջին կեսին:
Մյասնիկ Մալխասյանը եւ Արարատ Զուրաբյանը մեղադրվում են Քրեական օրենսգրքի 225` «զանգվածային անկարգություններ», եւ 300` «պետական իշխանության յուրացում» հոդվածներով»։
