Ընդդեմ դատախազության

2008թ. մարտի 5-ին պատգամավոր Զարուհի Փոստանջյանն և մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ հանցագործության մասին հաղորդագրություն են ներկայացրել ՀՀ Դատախազին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի, Հայաստանի Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի, ՀՀ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի կողմից իրենց պաշտոնական դիրքի չարաշահման վերաբերյալ:

Նրանք թույլ են տվել պաշտոնական դիրքի չարաշահում, որը հանգեցրել է ծանր հետևանքների` կեղծվել են 2008թ. Նախագահական ընտրությունների արդյունքները, տասը մարդ զոհվել է, շուրջ 230 վիրավորվել, հարյուրավոր մարդիկ անհիմն կալանավորվել են:

Հաղորդման վերաբերյալ դատախազությունը` շրջանցելով Քրեական դատավարության օրենսգրքի պահանջները, համապատասխան որոշում չի կայացրել: Դատախազության այդ ապօրինի գործողությունների դեմ բողոք է ներկայացվել դատարան: Բողոքի վերաբերյալ դատաքննությունը նշանակված է ս.թ. հուլիսի 25-ին, ժամը 10:00-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում /Տիգրան Մեծի 23/1/: Դատավոր` Արմեն Խաչատրյան: