NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ԵԽԽՎ նախագահը Հայաստանում է
Այսօր Երեւան է ժամանում Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարիա դե Պուչը:
Վաղը Ազգային ժողովում նախատեսված են Լուիս Մարիա դե Պուչի հանդիպումները ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամների, «Ժառանգություն» խմբակցության, Ազգային ժողովի խորհրդարանական մեծամասնության, մարտի 1-2-ի իրադարձությունները եւ դրանց պատճառներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի անդամների հետ: Լուիս Մարիա դե Պուչը կհանդիպի նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, Եվրախորհրդի անդամ երկրների դեսպանների եւ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ:
Հինգշաբթի օրը նախատեսված են ԵԽԽՎ-ի նախագահի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հետ:
Եվրախորհրդի մամլո գրասենյակի փոխանցմամբ` այցի նպատակն է Հայաստանի եւ ԵԽԽՎ-ի միջեւ համագործակցության խորացումը եւ աջակցությունը Հայաստանի վերաբերյալ Վեհաժողովի ընդունած թիվ 1609 եւ 1620 բանաձեւերի պահանջների կատարմանը:
Հաշվի առնելով Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի` վերջերս Հայաստան կատարած այցի արդյունքները, Լուիս Մարիա դե Պուչը մտադիր է, մասնավորապես, գնահատել մարտի 1-2-ի իրադարձությունների քննության հավաստիությունը, հրատապ կերպով բարձրացնել այդ իրադարձությունների կապակցությամբ անազատության մեջ գտնվող անձանց հարցը, ինչպես նաեւ քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը առնչվող քաղաքական իրադարձությունները:
Լուիս Մարիա դե Պուչը Երեւանից կմեկնի հուլիսի 25-ին:
