ՀՔԾ պետը պատասխանել է ՄԻՊ–ին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է, որ հուլիսի 8-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը սեփական նախաձեռնությամբ սկսել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Ա. Գ. Միրզոյանի կողմից Վայոց Ձորի մարզի դատախազ Հ. Ս. Պալյանին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 191-րդ հոդվածի կարգով տրված քննչական հանձնարարության իրավաչափության վերաբերյալ հարցի քննարկումը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարցի ուսումնասիրության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել պարզաբանել, թե ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի կողմից տրվել են արդյոք նմանատիպ հանձնարարություններ նաև Հանրապետության այլ մարզերում, Պաշտպանը ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի հոդված 12-ի 1-ին մասի 2-րդ կետով` առաջարկել էր ներկայացնել համապատասխան հանձնարարությունների պատճեները:
Ի պատասխան Պաշտպանի գրությանը ՀՀ հատուկ քննչական ծառայության պետը ս.թ-ի հուլիսի 21-ին տեղեկացրել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 191-րդ հոդվածի կարգով քննչական առանձին հանձնարարություններ են ուղղարկվել Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերի դատախազներին: ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի կողմից ներկայացվել են նաև այդ հանձնարարությունների պատճեները:

Քննարկվող հարցի շրջանակներում Պաշտպանը ս.թ-ի հուլիսի 22-ին դիմել է նաև Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերի դատախազներին`ի կատարումն այդ քննչական հանձնարարությունների նրանց կողմից իրակացված գործողությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով: