Ռոբերտ Քոչարյանի իրավունքներն էլ պետք է պաշտպանել

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը լրագրողների հարցին ի պատասխան հայտարարեց, որ իրավապաշտպան կազմակերպությունը մարդու իրավունքների պաշտպանության ժամանակ որեւէ խտրականություն չպետք է դնի. լինի դա քաղաքական դիրքորոշում, կուսակցական պատկանելիություն կամ այլ բան։

Օրինակ համաժողովրդական շարժումը մտադիր է Ռոբերտ Քոչարյանին Հաագայի միջազգային քրեական դատարանում պատասխանատվության կանչել։ «Եթե Ռոբերտ Քոչարյանը անհիմն կալանավորվի կամ մեղադրվի, մենք կպաշտպանենք նրա իրավունքները», հայտարարեց Արթուր Սաքունցը եւ հիշեցրեց Գագիկ Ջհանգիրյանի օրինակը։ ՀՔԱՎԳ–ն Մատաղիսի գործով բազմաթիվ անգամ քննադատել է այն ժամանակ ՀՀ զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանին եւ զինդատախազության մոտ բողոքի ակցիա կազմակերպել։ «Այսօր Գագիկ Ջհանգիրյանը կալանավորված է քաղաքական հայացքների համար եւ մենք պաշտպանում ենք նրա իրավունքները», հայտարարեց Արթուր Սաքունցը։