NON-GOVERNMENTAL ORGANIZATION
«Ժառանգությունն» էլ դիմեց
«Ժառանգություն» կուսակցությունը դիմել է «Դատապարտյալներին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու անկախ հանձնաժողովի» անդամներին` ակնկալելով նրանց գործուն դրական վերաբերմունքը «Ժամանակ Երեւան» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանի հարցում:
Համաձայն խորհրդարանում ներկայացված միակ ընդդիմադիր կուսակցության հայտարարության` 2007 թվականի հուլիսի 17-ին եւ դեկտեմբերի 14-ին Բաբաջանյանի ազատ արձակման միջնորդագրերի մերժումները «ապացուցեցին, որ մեր երկրում քաղաքացու, տվյալ դեպքում` ազատ խոսքը ներկայացնող լրագրողի պարագայում օրենքը կիրառվում է կամայականորեն, ինչը բացասաբար անդրադարձավ ինչպես մեր երկրի միջազգային հեղինակության, այնպես էլ 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների արդարացիության` առանցքային նշանակություն ունեցող հասարակական ընկալման վրա: Մենք Արման Բաբաջանյանին ճանաչելով որպես օրինապահ քաղաքացի հորդորում ենք Ձեզ լինել օրինապաշտ եւ հարգել իրավունքի գերակայությունը», - ասված է կուսակցության հայտարարությունում:
Հիշեցնենք, որ Արման Բաբաջանյանին վաղաժամկետ ազատ արձակելու օգտին հուլիսի 15-ին արտահայտվել էր նաեւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը։
Դատապարտյալներին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու անկախ հանձնաժողովը Բաբաջանյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի միջնորդությունը քննարկելու է մոտ օրերս:
Բաբաջանյանը 3,5 տարվա ազատազրկման է դատապարտվել պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար։
