NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ոչ թե ուժն է ճշմարիտ, այլ ճշմարտությունն է ուժեղ
ԵԿՄ Արաբկիր ջոկատի հրամանատար, գնդապետ, քաղբանտարկյալ Հովհաննես Հարությունյանին որդուց նամակ:
Բարև հայրիկ:
Կյանքումս առաջին անգամ եմ նամակ գրում: Եթե չլիներ մեր համաժողովրդական Շարժումը, չլիներ քաղբանտարկյալ հասկացությունը, ինչի մասին պատկերացում անգամ չունեի, չէր լինի նաև այս նամակը: Երանի չիմանայի թե ինչ է քաղբանտարկյալը…
Հայրիկ մենք բոլորս` մայրիկը, քույրիկները, հարազատներն ու ես, կարոտել ենք քեզ: Կարոտել ենք այն օրերը, այն պահերը, երբ միասին էինք ապրում. միասին էինք արթնանում, ճաշում միևնույն սեղանի շուրջ, միասին զրուցում: Կարոտել ենք քո ծիծաղը: Ինքս կարոտել եմ այն օրերը, երբ միասին որսի էինք գնում: Ա~խ, այդ չարաբաստիկ որսորդական փամփուշտները… Մենք քեզ կարոտել ենք անչափ, և սրտի թրթիռով ենք սպասում քո վերադարձին, ինչը համոզված ենք շուտով կլինի: Բայց կարոտդ մի փոքր մեղմում է քո նկարը, որը ամեն օր տեսնում ենք Հյուսիսային պողոտայում, ուր դու էլ բոլորին հավասար նստացույց ես անում:
Երբ ես ծնվեցի, Արցախյան պատերազմն արդեն ավարտվել էր: Եվ բախտավոր եմ եղել այնքանով, որ չեմ զգացել քո բացակայությունը: Բայց ես այսօր էլ դժբախտ չեմ, թեև արդեն 5 ամիս է տանը չես: Դժբախտ չեմ որովհետև գիտեմ, որ դու այժմ էլ մասնակցում ես «Պատերազմին», որն ինչպես Արցախյանը` Ազատագրական պայքար է, և ինչպես Արցախյանի վերջում, այս անգամ էլ հաղթած ես տուն վերադառնալու, քո վերադարձն է լինելու մեր Հաղթանակը, մեր բոլորի Հաղթանակը, հայ ժողովրդի Հաղթանակը: Բայց այսօրվա և Արցախյան պատերազմների միջև տարբերություններ էլ կան: Եթե այն «թշնամին» արտաքին էր, ապա այժմ «թշնամին» մեր մեջ է: Եթե այն ժամանակվա պատերազմը մղվում էր զենք-զինամթերքով, ապա այսօր մեր պայքարը միայն գաղափարական է, և այստեղ մեր զենքերը մեր գաղափարներն են, և փամփուշտները մեր խոսքերն են, ու քանի որ քո «զենքերը» ճշմարիտ էին ու բարի, «թշնամին» իրեն պարտված ճանաչեց, ինչը վկայում է քեզ ազատազրկման դատապարտելը և փամփուշտներդ բռնագրավելը: Ինչ արած մենք այսօր ապրում ենք մի երկրում, ուր դատապարտվում է ճշմարիտը, արդարը, բարին և գեղեցիկը: Եվ մեր Շարժումն էլ կոչված է հենց նրա համար, որ մեր երկրում հաստատվի Ազատությունը, Բարոյականությունը, Հավասարությունը պետության օրենքների առջև: Քեզ և քո նմաններին կալանավորեցին հայրիկ, բայց դու և քո ընկերները տխրելու և վատ զգալու պատճառ չունեք, քանզի Ձեր բարի գործը շարունակողներ ունեք, այդ թվում եմ նաև ես: Ճիշտ է ես դեռ փոքր եմ, բայց հիշում եմ, թե ազատ ժամանակ որսի գնալիս ինչպես էիր քո «զենքերից» օգտվել սովորեցնում, և այսօր իմ հերթն է օգտագործելու հմտություններս չարին հաղթելու համար: Ես էլ քեզ պես պատրաստ եմ կալանավորվել հանուն մեր ժողովրդի Ազատության, հանուն մեր Ազատագրական պայքարի հաղթանակի:
Եվ մենք կհաղթենք «թշնամուն»` չար խոսքին, ստին ու կեղծիքին, դավաճանին և ստրուկին, ու կհաղթենք մեր «զենքերով» և մինչև վերջ լիցքավորված «փամփուշտներով», որոնք դիմացկուն են ամեն տեղ, թե' սաստիկ ցրտի ժամանակ, թե՛ անձրևի և թե՛ ձյան տակ, ինչը պարզ դարձավ Ազատության հրապարակում անցկացրած փետրվարյան 9 օրերի ընթացքում: Մենք կհաղթենք Ազատության հանդեպ ունեցած մեր անսահման սիրով, մենք կհաղթենք հայրիկ, և վաղը կունենանք Երջանիկ Հայաստան, կունենանք Ազատ և Արժանապատիվ Քաղաքացիներ, և վերջապես մենք կհաղթենք, որովհետև ինչպես դու ասացիր դատարանում. «Ոչ թե ուժն է ճշմարիտ, այլ ճշմարտությունն է ուժեղ»:
Քո գաղափարների կրող,
Քեզ արժանի որդի`
Մհեր Հարությունյան
նստացույցի մասնակից, 12 տարեկան
