Դեպի Հաագայի դատարան

Համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը այսօր տեղեկացրել է, որ իրենք ստորագրահավաք են սկսում Ռոբերտ Քոչարյանին Հաագայի դատարանի առաջ կանգնեցնելու խնդրի կապակցությամբ:

Դավիթ Շահնազարյանն արդեն միացել է նախաձեռնությանը: Բոլոր ցանկացողները կարող են միանալ, ստորագրելով մի թերթիկ, որի վրա գրված է. «Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի պետականության եւ հայ ժողովրդի նկատմամբ գործել է ծանր հանցանքներ: Նա երկու անգամ նախագահական իշխանության է տիրացել կեղծ փաստաթղթերի հիման վրա` կատարելով իշխանության յուրացման ծանր հանցագործություն: Իր միանձնյա եւ բռնատիրական իշխանությունը նա ամրապնդեց ծանր արյունով` 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությամբ եւ Հայաստանում հաստատեց իրական ավազակապետական ռեժիմ: Նա իշխանությունն ավարտեց կրկին արյունով` 2008 թվականի մարտի 1-ի դաժան սպանդով, որ իր բոլոր հատկանիշներով հանցագործություն է մարդկության դեմ: Ուստիեւ մենք` Հայաստանի Հանրապետության ներքոստորագրյալ քաղաքացիներս պահանջում ենք մարտի 1-ի ոճրագործության միջազգային անկախ հետաքննություն, իսկ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳՈՐԾԸ ՀԱՆՁՆԵԼ ՀԱԱԳԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ»: