NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ՀՔԱՎ–ի ահազանգը տեղ է հասել
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Ա.Սաքունցի գրավոր հաղորդման քննարկման արդյունքում Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, ծառայողական պարտականությունները շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով չկատարելու դեպքի առթիվ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը, հասարակական կազմակերպության ներկայացրած հաղորդման ստուգմամբ մասնավորապես պարզվել է, որ 2003 թվականի սեպտեմբերի 22-ին Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, Լոռու մարզպետարանի եւ Ստեփանավանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանցից կազմված բնակարանային հարցերի նախկին հանձնաժողովի՝ կեղծ փաստաթղթերի հիման վրա տրված եզրակացությամբ «Լինսի» հիմնադրամի կառուցած Ստեփանավան քաղաքի Պրոմեթեւս փողոցի թիվ 25 շենքի թիվ 7 բնակարանը՝ չորս սենյականոց, թիվ 294 որոշմամբ ապօրինի հատկացրել է նույն քաղաքի բնակչուհի Էմմա Թոթոլյանի ընտանիքին: Ապա՝ 2004 թվականի հոկտեմբերի 15-ին, առանց վերջինիս գիտության, համայնքից բացակայելու պատրվակով, այն հետ է վերցրել ու թիվ 229 որոշմամբ հատկացրել Ստեփանավան քաղաքի մեկ այլ բնակչուհու՝ Վարինկա Դավթյանի ընտանիքին՝ այդպիսով պետությանը եւ Ստեփանավան քաղաքի բնակարանի կարիք ունեցող անձանց հերթացուցակում ընդգրկված քաղաքացիների օրինական շահերին պատճառելով էական վնաս:
Լոռում մարզի դատախազի 10.07.08թ. որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի հատկանիշներով: Քրեական գործն ուղարկվել է ոստիկանության Լոռու քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար։
