NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Դատախազական ստուգումներ Երեւանում, Եղեգնաձորում եւ Սեւանում
Ինչպես տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի hրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Երեւանի, Եղեգնաձորի եւ Սեւանի կայազորների զինվորական դատախազություններում ուսումնասիրություններ կատարելու նպատակով:
Աշխատանքային խմբին հանձնարարվել է ուսումնասիրել մասնավորապես 2007 թվականի աշնանային զորակոչի ընթացքում հանցագործությունների եւ օրինախախտումների առթիվ նշված կայազորների զինվորական դատախազությունների կողմից ձեռնարկված դատախազական գործունեությունը եւ դրա արդյունքները:
Ուսումնասիրությունների ընթացքում աշխատանքային խումբը պետք է պարզի Զինապարտության մասին ՀՀ օրենքին համապատասխան զինապարտների կցագրման հետ կապված գործընթացի օրինականության պարզման կապակցությամբ իրականացված ուսումնասիրությունների արդյունքները, առողջական վիճակի պատճառով զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված զինապարտներին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու գործընթացի օրինականության պարզման կապակցությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքները, պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման գործընթացի օրինականության պարզման կապակցությամբ իրականացված ուսումնասիրության արդունքները, զինկոմիսարիատի աշխատակիցների կողմից կատարված օրինախախտումների վերաբերյալ նախապատրաստված նյութերի եւ քննված գործերի օրինականությունը:
Այս ամենը գլխավոր դատախազին կներկայացնի մինչեւ 2008 թվականի սեպտեմբերի 30-ը:
