NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Կրկին Մատաղիսի գործով
Հուլիսի 4-ին, ժամը 11:00-ին Հյուսիսային քրեական դատարանի Գյումրիի նստավայրում վերսկսվելու է հանրությանն արդեն հայտնի Մատաղիսի գործի առնչությամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը կոչ է անում բոլոր հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին մասնակցել դատաքննությանը՝ հասարակական վերահսկողության միջոցով ապահովելով արդարացի վճռի կայացումը:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հայտարարել է, որ Մատաղիսի գործը Վճռաբեկ դատարանը ուղարկեց լրացուցիչ քննության, սակայն ավելի ուշ Սահմանադրական դատարանը որոշեց, որ Վճռաբեկը իրավունք չունի գործը լրացուցիչ քննության ուղարկելու: «Որեւիցե լուրջ աշխատանք Վճռաբեկ դատարանի կողմից պահանջված քննություն կատարելու, պարզաբանելու, չի կատարվել: Կրկին երեքի նկատմամբ գործ է հարուցվել: Խնդիրն այն է, որ մեղադրող կողմը իր դիրքորոշումը դատարանի վճռից հետո չի փոխել։ Միանշանակ է, որ իսկական հնացագործություն կատարողներին, որոնց վերաբերյալ լուրջ կասկածներ կան, մասնավորապես Իվան Գիրգորյանին, ցանկանում են պատսպարել կամ հեռու պահել, պաշտպանել»:
Հիշեցնենք, որ Ռազմիկ Սարգսյանը, Արայիկ Զալյանը եւ Մուսա Սերոբյանը դատական երկու ատյաններում ցմահ ազատազրկման էին դատապարտվել Մատաղիսի զորամասում զինծառայողներ Ռոմա Եղիազարյանի եւ Հովսեփ Մկրտումյանի սպանության մեղադրանքով: Երեք տարուց ավելի կալանքի տակ գտնվելուց հետո Վճռաբեկ դատարանի որոշմամբ նրանք ազատ են արձակվել, եւ գործն ուղղարկվել էր նախաքննության:
