NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Արմեն Հարությունյանը կմասնակցի
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը մտադիր է ընդունել մարտի 1-2-ի իրադարձությունները եւ դրանց պատճառներն ուսումնասիրելու նպատակով Ազգային ժողովում ձեւավորված ժամանակավոր հանձնաժողովի կազմում ընդգրկվելու հրավերը: Նման հրավեր նա դեռ չի ստացել, բայց նրան հանձնաժողովից տեղեկացրել է, որ հրավեր լինելու է:
Հիշեցնենք, որ հանձնաժողովում մարդու իրավունքների պաշտպանին խորհրդակցական ձայնի իրավունքով ընդգրկելու առաջարկով հանդես է եկել Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը` Հայաստանի վերաբերյալ անցած շաբաթ ընդունած թիվ 1620 բանաձեւում:
Արմեն Հարությունյանը պարտադիր է համարում փոփոխությունները խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի գործունեության կարգում: Թիվ 1620 բանաձեւում Հայաստանի իշխանությունների առջեւ նոր պահանջներ են դրվել, մասնավորապես` Վեհաժողովն առաջարկում է, որ իր աշխատանքային մեթոդները որդեգրելիս ժամանակավոր հանձնաժողովը փորձի անել հնարավորը, որպեսզի որոշումները կայացվեն կոնսենսուսի սկզբունքով, այսինքն` համաձայնեցված լինեն բոլոր անդամների, այդ թվում նաեւ նրանց հետ, ովքեր ունեն միայն խորհրդակցական ձայնի իրավունք:
«Ենթադրում եմ, որ այս սկզբունքները` որպես գործունեության հիմք, նույնպես պետք է նախատեսվեն կանոնադրության մեջ, որպեսզի հանձնաժողովը կարողանա գործել: Այնտեղ նաեւ կար դրույթ, որ հանձնաժողովը պետք է իրավունք ունենա մարտի 1-ի հարցի հետ կապված` որոշակի մարդկանց հրավիրել, հարցեր տալ, եւ այլն։ Օրինակ, մեզ հիմա բողոքներ են գալիս, որ նույն ոստիկանը տարբեր դատարաններում ցուցմունք է տալիս, որ իրեն ծեծել են, բայց պարզվում է, որ միաժամանակ մի քանի հոգի տարբեր տեղերում նրան ծեծել են: Հիմա սա բամբասանք է, թե իրողություն` պետք է հասկանանք, պետք է պարզենք, այդ թվում նաեւ այդ հանձնաժողովի գործն է սա։ Եթե սա բամբասանք է, սրա պատասխանը պետք է հստակ տրվի, որպեսզի հասարակությունը հանգստանա: Եթե իրոք այսպիսի փաստեր կան, ուրեմն սրա հարցն էլ պետք է լուծվի: Նմանատիպ ուրիշ խնդիրներ էլ կան», -նկատել է Արմեն Հարությունյանը:
Ըստ Արմեն Հարությունյանի, հանձնաժողովի աշխատանքները թերի կլինեն, եթե խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները չմասնակցեն դրանց:
