NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Դաշնակցություն հարցում արեց
Դաշնակցության բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանի պնդմամբ, նախագահ Սերժ Սարգսյանին «ակնհայտորեն վատ խորհուրդ են տվել հայ - թուրքական հանձնաժողովի հետ կապված հարցով»:
«Մենք այժմ գործընթաց ենք սկսել` ուղղակիորեն նախագահից պահանջելով բացատրություններ ու ճշգրտումներ իր արտահայտությունների առնչությամբ, որովհետեւ սա հստակ շեղում է թե' նախկին նախագահ Քոչարյանի, թե' գործող վարչակազմի մինչ այժմ որդեգրած դիրքորոշումներից: Վերջերս արտահայտած դիրքորոշումն անընդունելի է մեզ համար», - «Արմինյըն ռիփորթեր» շաբաթաթերթում հայտարարել է դաշնակցական գործիչը:
Անցած շաբաթ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարել էր, թե Հայաստանի համար ընդունելի է Թուրքիայի առաջարկը՝ Հայոց ցեղասպանության հարցը քննարկելու համար հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, բայց միայն դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց եւ Հայաստանի շրջափակումը վերացնելուց հետո: Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ժամանակին մերժել էր Թուրքիայի առաջարկը եւ կարծիք հայտնել, թե պետք է ստեղծվի միջկառավարական հանձնաժողով:
«Մեր կարծիքով, պատմական փաստերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու առաջարկով Թուրքիան նպատակ ունի հարցի լուծումը ձգձգել տարիներով: Նման հանձնաժողովի ձեւավորմանը Հայաստանի համաձայնությունը կնշանակեր, որ Թուրքիայի նման Հայաստանն էլ Հայոց ցեղասպանության լինելության փաստը կասկածի տակ է առնում: Բոլորի համար պետք է հստակ լինի, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը, ինչպես նաեւ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ կարեւորագույն հարցերն առաջին հերթին ու առավելապես քաղաքական, այլ ոչ թե պատմական հարցեր են: Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունն ամրագրում է. - «Հետամուտ լինելով Հայոց ցեղասպանության համընդհանուր, մասնավորապես` Թուրքիայի կողմից ճանաչմանը եւ դատապարտմանը, Հայաստանն այն դիտարկում է ոչ միայն պատմական արդարության վերականգնման, այլեւ տարածաշրջանում փոխադարձ վստահության մթնոլորտի բարելավման եւ ապագայում նման ոճիրների կանխարգելման համատեքստում։ Նախագահ Սարգսյանը պետք է հստակեցնի իր նոր դիրքորոշումը, որը հակասում է ազգային անվտանգության ռազմավարությունում արտահայտված դիրքորոշմանը, շտկելու համար Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը եւ ընդհանրապես Հայաստան - Սփյուռք հարաբերություններին այս հայտարարության պատճառած ցանկացած վնասակար հետեւանք», - փաստել է Կիրո Մանոյանը:
Իսկ նախագահի աշխատակազմից եւ ՀՀ ԱԳ նախարարությունից պարզաբանումներ ստանալուց հետո Կիրո Մանոյանը հայտարարել է. «Մեր մոտեցումը այն է, որ, ամեն դեպքում, նման հայտարարության կարիք չկար, որպեսզի այս շփոթը չառաջանա եւ մենք ընդունենք, որ, նաեւ արտգործնախարարը ինչպես հայտարարեց, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը մնում է Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում։ Նախագահի ասած` սահմանը բացվի, դիվանագիտական հարաբերություններ հաստատվելուց հետո կարելի է նաեւ, օրինակ, ուսումնասիրել` 1501 բնակավայրից է տեղահանություն եւ ջարդեր եղել, թե՞ 1499: Այսպիսի հարցեր իսկապես որ կան, որ կարելի է ուսումնասիրել, բայց որ եղածը ցեղասպանություն է թե ոչ` այդ հարցը վիճարկելի չէ»:
