NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Պաշտպանը խախտում տեսնում է
Ս.թ-ի մայիսի 6-ին քաղաքացի Կարեն Հեքիմյանը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված դիմումով հայտնել է, որ 2008թ.-ի մայիսի 5-ի առավոտյան իր բնակարան են ներխուժել ոստիկանության երեք աշխատակից և բռնի ուժով տարել ոստիկանության Շենգավիթի բաժին:
Ըստ քաղաքացու`այնտեղ եղած ժամանակ նրան արգելել են օգտվել հեռախոսից, փաստաբանական ծառայությունից, նույնիսկ`բնական կարիքները հոգալուց: Դիմումատուն նաև հայտնել է, որ ոստիակնության Շենգավիթի բաժնում շուրջ յոթ ժամ պահելուց հետո ոստիկանության աշխատակիցները նրան ազատ են արձակել: Քաղաքացուն յոթ ժամ պահելու փաստը հիմնավորել է նաև նրա շահերի պաշտպանը, որն այդ յոթ ժամվա ընթացքում կանգնած է եղել ոստիկանության շենքի բակում:
Պաշտպան Արմեն Հարությունյանի ներկայացուցիչները այցելել են ոստիկանության Շենգավիթի բաժին եւ պարզել, որ «Ոստիկանության մարմին բերման ենթարկվածների հաշվառման» գրքում Կարեն Հեքիմյանը գրանցված չէ:
Արմեն Հարությունյանի առաջարկով անցկացված ծառայողական քննությունը պարզել է, որ «2008թ. մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կապակցությամբ 2008թ. մայիսի 5-ին ոստիկանության Շենգավիթի բաժին է հրավիրվել Կ. Հեքիմյանը, քանի որ վերջինս այդ օրերին գտնվել է իր ընկերոջ` Գ.Տ-ի տանը Մաշտոցի պողոտայում, ՙՌոբերտո՚ խանութի շենքի 2-րդ հարկում: Կ. Հեքիմյանն ինչպես վերջինիս բնակարանից, այնպես էլ փողոցում, դիտել է անկարգությունները: Կ. Հեքիմյանին ոստիկանության Շենգավիթի բաժին հրավիրելը նպատակ է ունեցել նրա հետ հարցազույց անցկացնելը և նա բերման չի ենթարկվել, վերջինիս նկատմամբ նյութեր չեն նախապատրաստվել ու որևէ սահմանափակումներ նրա նկատմամբ չեն կիրառվել:
Կ. Հեքիմյանի խոսքերի իսկությունը հաստատելու անհրաժեշտությունից ելնելով բաժին է հրավիրվել նաև Գ.Տ-ն: Վերջինս հավաստիացրել է, որ Կ. Հեքիմյանը իրոք գտնվել է իրենց տանը և չի մասնակցել անկարգություններին: Այդ ամենը տևել է մոտ երկու ժամ, որից հետո նրանք հեռացել են ոստիկանության Շենգավիթի բաժնից: Կատարված ստուգմամբ ոստիկանության ծառայողների կողմից կարգապահական խախտումներ չեն հիմնավորվել»:
Իսկ այս պատասխանը ուսումնասիրելուց հետո ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը եզրակացրել է. «Եթե ընդունենք նույնիսկ, որ Կ. Հեքիմյանն ինչպես նշված բնակարանից, այնպես էլ փողոցում, դիտել է անկարգությունները, ապա որևէ ծանուցագիր չի ստացել ոստիկանության բաժին հրավիրվելու կապակցությամբ, հետևաբար առանց ծանուցագրի չէր էլ կարող «հրավիրվել» կամ բերվել ոստիկանության շենք աշխատակիցների կողմից: Այսպիսով, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի և ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցների կողմից խախտվել են ՀՀ Քր. դատ. օր.-ի մի շարք դրույթներ` դրանով իսկ խախտելով նաև քաղաքացու իրավունքներն ու հիմնարար ազատությունները: Պաշտպանը 25.06.08-ին որոշում է կայացրել `քաղաքացի Կ. Հեքիմյանի իրավունքների խախտում տեսնել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի և ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցների գործողություններում և Հայաստանի Հանրապետության Ոստիկանության պետ Ա. Սարգսյանին առաջարկել է նշված փաստերի առթիվ մեղավոր պետական պաշտոնատար անձանց օրենքով նախատեսված կարգով ենթարկել պատասխանատվության և 20-օրյա ժամկետում արդյունքների մասին տեղեկացնել իրեն»։
