NON-GOVERNMENTAL ORGANIZATION
«Նոր ժամանակներ» կուսակցությունը հայտարարությունը
Նոր ժամանակներ կուսակցությունը, նախագահ Արամ Կարապետյանի անունից, ս/թ հունիսի 30-ին նամակ է ուղարկել ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանին:
«Հարգելի պարոն Նիկոյան.
Շնորհակալություն ենք հայտնում Ձեր կողմից ս/թ հունիսի 19-ին մեզ ուղարկված Ժ/Հ-Ե-003 թվակիր նամակի համար, որով Դուք առաջարկում եք Նոր ժամանակներ կուսակցության նախագահին կամ լիազոր ներկայացուցչին մասնակցել ՀՀ ԱԺ` 2008թ մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին:
Ինչպես արդեն հայտնի է, մեր մայրաքաղաքում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից հետո Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը /ԵԽԽՎ/ իր լիագումար նիստում ս/թ ապրիլի 17-ին ընդունեց 1609 բանաձևը, որում ՀՀ իշխանություններին կոչ արեց անհապաղ նախաձեռնել 2008թ. մարտի 1-ի և 2-ի իրադարձությունների ու դրանց հանգեցրած հանգամանքների անկախ, թափանցիկ և վստահելի հետաքննություն:
Ս/թ հունիսի 25-ին ԵԽԽՎ-ն ընդունեց 1609 բանաձևի կատարման վերաբերյալ նոր բանաձև` 1620, որում մի քանի կետերով անդրադարձ կա նաև Ձեր ղեկավարած հանձնաժողովին: Մասնավորապես 4.5 կետում նշված է. «Հաշվի առնելով, որ հետաքննող հանձնաժողովն ընդամենը վերջերս է կազմավորվել, Վեհաժողովը չի կարող
այս պահին գնահատել անկախության, թափանցիկության և վստահելիության չափորոշիչները: Վեհաժողովը նաև հարկ է համարում նշել, որ հանձնաժողովի ձևաչափը և կազմն ինքնին չեն երաշխավորում հանձնաժողովի անկախությունը և անկողմնակալությունը, ուստի նաև` դրա վստահելիությունը հայաստանյան հանրության տեսակետից»:
Մյուս կողմից էլ հաշվի առնելով այն կարևոր հանգամանքը, որ գալիք ամիսներին մեր երկիրը լինելու է ԵԽԽՎ-ի մոնիտորինգի ներքո, և այդ համատեքստում կազմակերպության բարձրաստիճան պաշտոնատար անձինք այցելելու են Հայաստան` տեղում հետևելու 1620 բանաձևի պահանջների կատարման ընթացքին, ինչի արդյունքում ներկայացվելու են համապատասխան զեկույցներ, ուստի Նոր ժամանակներ կուսակցությունը նույնպես ուշի ուշով կհետևի Ձեր ղեկավարած հանձնաժողովի աշխատանքներին և դրանցում իր մասնակցության հարցը կորոշի նաև այդ աշխատանքների արդյունավետության աստիճանից ելնելով:
Մաղթում ենք Ձեզ արգասաբեր գործունեություն` պարզելու հայտնի դեպքերի ժամանակ 10 անձանց սպանության պատճառներն ու բացահայտելու նրանց, ովքեր մարդկանց դեմ հրազեն և հատուկ միջոցներ կիրառելու հրաման են տվել»:
