Քաղաքական բանտարկյալ Աշոտ Զաքարյանի կոչը հանրությանը

Սիրելի Հայրենակիցներ,

Հինգ ամիս է անցել այն ֆարսից, ինչն անվանում են ՀՀ նախագահական ընտրություններ, որի արդյունքում նախագահ չընտրված անձը հռչակվեց երկրի նախագահ, ուզուրպացնելով իշխանությունը` սեփական ժողովրդի կյանքի և արյան գնով, իսկ ժողովրդի մի մասին մինչ օրս պահում են բռնապետական զնդաններում: Այս ամենը խոսում է ներկայիս վարչախմբի թուլության ու տկարամտության մասին, քանզի նրանք չեն վայելում Հայ Ժողովրդի մեծ մասի հարգանքն ու վստահությունը:

Ներկայիս իշխանությունը նախկինի վերարտադրությունն է իր գործելակերպով, վարքով ու բիրտ բարքերով, ամենակուլ անմարդկային` իշխանական մամլիչ մեքենայի կերպարանքով, իշխանություններն այսօր սարսափած են համաժողովրդական հուժկու շարժումից, գիտակցում են, որ մոտ է հատուցման պահը և աստիճանաբար ընկրկում են արտաքին ճնշումների առաջ: Մեր հոգին ամուր է, կամքը` անկոտրում, ուստի, կոչ եմ անում ձեզ պայքարել ձեր իրավունքների և ազատության, հիրավի ազատ երկրում ապրելու համար:

Որպես Ձեր զավակն ու եղբայրը, հաղորդում եմ բոլորին, հունիսի 28-ին մասնակցեք Գյումրու ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին ու ձեր ակտիվ մասնակցությունը բերեք ձեր իրավունքների և ազատության պայքարի գործում:

Քաղաքական բանտարկյալ` Աշոտ Զաքարյան