Այդ վշտին մի կերպ կդիմանամ

ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը, Տիգրան Սաֆարյանը տարածել են հետեւյալ հայտարարությունը

2008թ. փետրվարի 27-ից, երբ Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, նա պահվել է ՀՀ ԱՆ Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում: 2008թ. մարտի 7-ին Գագիկ Ջհանգիրյանը անհասկանալի պատճառներով տեղափոխվել է ՀՀ ԱՆ Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկ:

2008թ. հունիսի 18-ին ՀՀ ԱՆ Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկում Գագիկ Ջհանգիրյանը հարցազրույց է տվել Ա1 պլյուս լրատվական գործակալությանն ու Չորրորդ իշխանություն օրաթերթին: Հաջորդ օրն իսկ` 2008թ. հունիսի 19-ին, Գագիկ Ջհանգիրյանը ՀՀ ԱՆ Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է ՀՀ ԱՆ Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ: Այն դեպքում, որ Գ.Ջհանգիրյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 19.06.2008թ. կայացված որոշման համաձայն Գ.Ջհանգիրյանը պետք է կալանքի տակ պահվեր ՀՀ ԱՆ Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկում:

ՀՀ ԱՆ Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում Գագիկ Ջհանգիրյանը գտնվում էր Սմբատ Այվազյանի հետ նույն կալանախցում: Սակայն այն բանից հետո, երբ Գագիկ Ջհանգիրյանն ու Սմբատ Այվազյանը ուղերձ են հղել 2008թ. հունիսի 28-ին Գյումրիում կայանալիք հանրահավաքի մասնակիցներին, 2008թ. հունիսի 26-ին Գագիկ Ջհանգիրյանը տեղափոխվել է այլ կալանախուց և պահվում է Սմբատ Այվազյանից առանձին:

Փաստորեն յուրաքանչյուր անգամ, երբ Գագիկ Ջհանգիրյանը որևէ հայտարարություն է անում, նրան կամ մեկ քրեակատարողական հիմնարկից մյուսը կամ այլ կալանախուց են տեղափոխում:

Այս քայլերի նպատակը կարող է լինել հետևյալը` հասկանալով, որ այս ամիսների կալանքը որևէ կերպ չի ազդել Գագիկ Ջհանգիրյանի կամքի վրա, փորձ է արվում նման կերպ հոգեբանական ճնշում գործադրել Գագիկ Ջհանգիրյանի վրա, ինչը նույնպես դատապարտված է անհաջողության: Գագիկ Ջհանգիրյանը խնդրեց մեր միջոցով հանրությանը փոխանցել իր բառերը`«Այդ «վշտին» մի կերպ կդիմանամ, ոգիս անկոտրում է, համոզմունքներիս և համաժողովրդական շարժման գաղափարներին դավաճանող չեմ: Ինքնազգազողությունս լավ է, առողջական խնդիրներ չունեմ, ունեմ բազմաթիվ հետաձգված ծրագրեր, որոնք Աստծու օրհնությամբ և ժողովրդի օգնությամբ մոտ ապագայում կիրականացնեմ»:

Ակնկալում ենք, որ այս հայտարարությունից հետո ևս մեկ անգամ Գագիկ Ջհանգիրյանին կտեղափոխեն, ինչին նա արդեն պատրաստ է:

Փաստաբաններ

Լուսինե Սահակյան

Երվանդ Վարոսյան

Տիգրան Սաֆարյան