Ըստ Աղվան Հովսեփյանի դատախազությունը դժվարություններ ունի

Ինչպես տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը այսօր հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարության ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի հարցերով փոխքարտուղար Դեյվիդ Կրամերին եւ խոսել 2008 մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների առթիվ հարուցված քրեական գործով կալանավորված անձանց դատավարական իրավունքներին, նախաքննության ընթացքին վերաբերող հարցեր:

ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ անկարգությունների առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ներկայումս նախնական կալանքի տակ է գտնվում 17 անձ, որոնց, գործող օրենսդրությամբ սահմանված կարգով, առաջադրվել են մեղադրանքներ, եւս 11 մեղադրյալի նկատմամբ ընտրվել է կալանավորման հետ կապ չունեցող խափանման միջոց: Նախաքննական մարմնին ցուցում է տրվել՝ ապահովել քրեական գործի բազմակողմանիությունը եւ միջոցներ ձեռնարկել ինչպես հանցանքը հիմնավորող, այնպես էլ արդարացնող հանգամանքները պարզաբանելու ուղղությամբ եւ, նախաքննության արդյունքում ձեռք բերված ապացույցների հիման վրա, 21 անձի նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը՝ գործուն զղջալու, իրադրության փոփոխության, ապացույցների անբավարարության, հանցակազմի բացակայության հիմքով:

Ա.Հովսեփյանը նշել է, որ նախաքննական մարմինը միջոցներ է ձեռնարկել տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ բոլոր հնարավոր տեսագրությունները ձեռք բերելու ուղղությամբ եւ դրանք մեծապես օգնել են անկարգությունների կոնկրետ մասնակիցներին հայտնաբերելու համար: Այդուհանդերձ կան որոշակի դժվարություններ մի շարք հանգամանքների, դրանց թվում՝ մահվան դեպքերի իրական հանգամանքները պարզելու հարցում եւ այդ առումով օպերատիվ-որոնողական մարմինները, քննչական խումբը դեռ շատ անելիքներ ունեն: Նախաքննության ընթացքում հաջողվել է պարզել հատուկ միջոցներ կիրառած ոստիկանների շրջանակը, ոստիկանությունից առգրավվել են համապատասխան մատյանները, հարցաքննվել է շուրջ 250 ոստիկան, նրանց թվում զինծառայողներ, հրամանատարներ, գեներալներ:

Ներկայումս քննություն է տարվում պարզելու, թե հատուկ միջոց ստացած ոստիկաններից յուրաքանչյուրը դեպքի օրը կոնկրետ որտեղ է իրականացրել ծառայությունը, քանի որ քննչական խումբն արդեն պարզել է, թե մահացած անձինք որտեղ են ստացել կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքները: «Ակնհայտ է, որ 3 հոգին մահացել են ոստիկանների կողմից օգտագործված հատուկ միջոցների հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներից եւ կոնկրետ մեղավոր անձանց հայտնաբերելու հարցում նախաքննական մարմինն ունի նաեւ ականատես վկաների օգնության, համապատասխան մասնագետների, փորձագետների խորհրդատվության կարիքը»,- նշել է Ա.Հովսեփյանը:

Զգալի աշխատանք է տարվել նաեւ հրազենի եւ պայթուցիկ նյութերի գործադրման հետեւանքով արձանագրված մահվան դեպքերի պարզաբանման ուղղությամբ: «Մահվան դեպքերի իրական հանգամանքների ամբողջական բացահայտմամբ, անկարգությունների բոլոր մեղսակիցների հայտնաբերմամբ շահագրգիռ են նախեւառաջ իրավապահ մարմինները եւ տրվել են հստակ հանձնարարականներ ոստիկանության, ազգային անվտանգության օպերատիվ մարմիններին՝ ակտիվացնել ականատես վկաներին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը»,- ասել է գլխավոր դատախազը՝ հույս հայտնելով, որ նախաքննության արդյունքում կհաջողվի պատասխանել հասարակությանը հուզող մի շարք հարցերի:

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը կարեւորել է անկախ եւ անաչառ քննության իրականացումը, մահվան դեպքերի լիարժեք բացահայտումը եւ հույս հայտնել, որ Հայաստանը գործուն քայլեր կձեռնարկի այդ ուղղությամբ։