Freedom House–ը Հայաստանի մասին

Այսօր առավոտյան հրապարակվել է Freedom House իրավապաշտպան կազմակերպության 2008 թվականի զեկույցը, ուր նշված է, որ «Հայաստանում քաղաքական եւ գործարար վերնախավերի սերտ կապերը խոչընդոտում են թափանցիկ եւ ժողովրդավարական պետական հաստատությունների կայացմանը»։

Ըստ նույն զեկույցի, Հայաստանում շատ քիչ առաջընթաց է արձանագրվել իշխանության տարբեր թեւերի տարանջատման ուղղությամբ: Ընդհակառակը, իշխող կուսակցությունն ու վերնախավն իր ձեռքում է կենտրոնացրել քաղաքական եւ տնտեսական իշխանությունը,
«Ընտրախախտումները նպաստում են հասարակության շրջանում իշխանությունների հանդեպ անվստահության եւ քաղաքական ու քաղաքացիական գործունեությանը մասնակցելու վերաբերյալ թերահավատության աճին։ Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը վանում է օտարերկրացի ներդրողներին, կասեցնում է առեւտրի դիվերսիֆիկացումը եւ մասնակցությունը տարածաշրջանային ծրագրերին», ասված է զեկույցում։ Հատուկ նշված է, որ խորհրդարանի հանդեպ կա հանրային վստահության պակաս:

Զեկույցում որպես դրական գործոն նշվում է, որ Հայաստանում մակրոտնտեսական կայունացումը համեմատաբար հաջող է իրականացվում, համախառն ներքին արդյունքի աճը 2003-2007 թվականներին հասել է 13 տոկոսի: Աղքատությունը նվազում է, սակայն շատերի պատկերացմամբ` հայերը դեռ չեն ճաշակել մակրոտնտեսական հաջողության պտուղները, ինչը նպաստել է Հայաստանում քաղաքական եւ տնտեսական անցման շրջանի հետ կապված հիասթափությանը:

Լրատվամիջոցների վերաբերյալ զեկույցում ասված է, որ լրատվամիջոցներին հաջողվել է հասնել որոշակի փոփոխությունների հեռարձակվող լրատվամիջոցներին արտոնագիր շնորհելու օրենսդրության եւ հանձնաժողովի հարցում, սակայն միաժամանակ լրագրողների դեմ հարձակումները հաճախակի են դարձել, հատկապես 2007 թ. Խորհրդարանի ընտրությունից առաջ:

Freedom House-ը հրապարակում է ամենամյա մի քանի զեկույց՝ «Ազատությունն աշխարհում», «Մամուլի ազատությունը», «Երկրները խաչմերուկում» եւ «Անցումային երկրներ»:

Անցումային երկրների վերաբերյալ զեկույցում Freedom House-ի փորձագետները յուրաքանչյուր պետություն գնահատում են 9 հիմնական ցուցիչներով: Գնահատականը տրվում է 1-ից մինչեւ 7 սանդղակով, 1-ը՝ բարձրագույն դրական, 7-ը՝ նվազագույն բացասական գնահատականն է:

2007 թվականի զարգացումներն ընդգրկող նոր զեկույցում Հայաստանը 5.50 միավոր է ստացել ընտրական գործընթացի ցուցիչով, որում նախորդ տարվա համեմատ բարելավում է գրանցվել՝ 2006-ին այն 5.75 էր: Այստեղ որոշակի առաջընթացն ապահովել են մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունները: Այս տարվա փետրվար-մարտ ամիսների իրադարձությունները կընդգրկվեն 2009 թվականի զեկույցում:

Մի շարք ցուցիչներ նախորդ տարվա համեմատությամբ չեն փոխվել. «Քաղաքացիական հասարակարգ»՝ 3.50, «Անկախ մամուլ»՝ 5.75: «Պետական ժողովրդավարական կառավարումը» գնահատվել է 5.25, «Տեղական ժողովրդավարական կառավարումը»՝ 5.50, «Արդարադատության համակարգը եւ անկախությունը» բնագավառում նահանջ է՝ նախորդ տարվա 5-ի փոխարեն 5.25, «Կոռուպցիայի» եւ «Ժողովրդավարության միավորների» նախորդ տարվա ցուցիչները պահապանվել են՝ 5.75 եւ 5.2։