NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Վարչապետը առաջարկում է ստեղծել համահայկական բանկ
Շաբաթ օրը Դիլիջանում Հայաստանի բանկերի միությունը գումարել է տարեկան ընդհանուր ժողովը, որտեղ վարչապետ Տիգրան Սարգսյանը առաջարկել է ստեղծել համահայկական բանկ:
«Այսօր մենք հանրությանը ներկայացնում ենք նոր մտածողություն, նոր փիլիսոփայություն։ Մենք պետք է գլոբալ մտածողությունից անցնենք կոնկրետ, առարկայական գործողությունների: Եթե փորձենք արագ փոքրացող աշխարհում դիտարկել եւ տեսնել մեր տեղը եւ դերը, ապա ակնհայտ է դառնում, որ մենք ձեզ հետ միասին ապրում ենք հայկական աշխարհում: Աշխարհով մեկ սփռված հայերի տնտեսական գործունեության արդյունքները ազդում են մեր ֆինանսական շուկայի վրա, ազդում են ներդրումների մակարդակի վրա, ազդում են սպասումների վրա, այդ թվում` նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների: Խնդիրը կայանում է նրանում, որ մենք պետք է ձեւավորենք այնպիսի ֆինանսական կառուցվածքներ, որոնք հաշվի են առնում այս իրողությունը: Ստեղծվելիք բանկը իր տեսակի մեջ կլինի առաջինը եւ միակը», հայտարարել է Տիգրան Սարգսյանը:
Մինչեւ տարեվերջ ստեղծվելիք համահայկական բանկի հիմնադիր կապիտալը կլինի 100 միլիոն դոլար: Դրա 20 տոկոսը պետական մասնաբաժինը կլինի, մնացածը` բաժնետերեր, առեւտրային բանկեր եւ այլն:
Հայաստանում այսօր գործում է 22 բանկ։
