NON-GOVERNMENTAL ORGANIZATION
«Փախստականները եվ միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի հայտարարությունը
«Փախստականները եվ միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցը հայտարարություն է տարածել փախստականի համաշխարհային օրվա կապակցությամբ.
փախստականի համաշխարհային օրվա կապակցությամբ
Հունիսի 20-ը փախստականի համաշխարհային օրն է, ինչը վկայում է, որ փախստականների հիմնախնդիրն ունի միջազգային հնչեղություն, իսկ քաղաքակիրթ մարդկությունը խորապես գիտակցում է բռնագաղթի ենթարկված, իրենց կամքին հակառակ նախկին բնակության վայրերը լքած մարդկանց օգնության ձեռք մեկնելու անհրաժեշտությունը: 20 տարի առաջ ադրբեջանական իշխանությունների և քրեական տարրերի միացյալ գործողությունների արդյունքում ավելի քան կես միլիոն ադրբեջանահայեր, ենթարկվելով տարաբնույթ հալածանքների, կրելով բազմաթիվ մարդկային զոհեր և կորցնելով իրենց ողջ ունեցվածքը` բռնագաղթվեցին Ադրբեջանից, դարձան փախստական: Մոտ 400 հազար փախստականներ ապաստանեցին Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում: Տեղի հայության և իշխանությունների անկեղծ կարեկցանքն ու գործուն օժանդակությունը հնարավոր դարձրեցին, որպեսզի ծանրագույն զրկանքների և հոգեկան ավերի բովով անցած մեր ադրբեջանահայ հայրենակիցները կարողանան վերապրել իրենց բաժին հասած արհավիրքը, նոր կյանք սկսել: Հայաստանում ապաստան գտած փախստականներին որոշակի նյութական օժանդակություն ցուցաբերվեց նաև միջազգային կազմակերպությունների կողմից, մինչդեռ ԼՂՀ-ում ապաստան գտած փախստականներն անտեսվել են ՄԱԿ-ի և այլ միջազգային կառույցների կողմից:
Այսօր մենք ստիպված ենք մեկ անգամ ևս հայտարարել, որ ադրբեջահայ փախստականների խնդիրը դեռևս կարոտ է լուծման: Նրանք պետք է ստանան Ադրբեջանական Հանրապետությունից իրենց հասցված նյութական և բարոյական վնասների ամբողջական փոխհատուցումը` ներառյալ նաև ԼՂՀ իրավատիրույթում գտնվող ազատագրված տարածքների նկատմամբ նրանց սեփականության իրավունքի ամրագրումը: Գտնում ենք նաև, որ միջազգային իրավունքի նորմերին հակասում է ՄԱԿ-ի համապատասխան կառույցների կողմից ԼՂՀ-ում ապաստան գտած փախստականների հանդեպ դրսևորվող խտրականությունը:
Մենք կոչ ենք անում ՀՀ իշխանություններին ադրբեջահայ փախստականների հիմնախնդիրը մտցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունների օրակարգ:
