NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հանրահավաքը տեղի է ունենալու
Վաղվա հանրահավաքի մասին «Հանրահավաքը տեղի է ունենալու» վերնագրված հայտարարություն է տարածել համաժողովրդական շարժման կենտրոնը
Հարգելի հայրենակիցներ
Մարտի մեկին խաղաղ ցուցարարների դեմ կազմակերպած ջարդ ու սպանդից հետո հանցագործ վարչախումբը, ապօրինի արտակարգ դրություն մտցնելով, կարողացավ պատսպարվել զորքի եւ ոստիկանության թիկունքում: Դրանից հետո իշխանությունները ապօրինաբար մերժել են հանրահավաք անցկացնելու հայտով համաժողովրդական շարժման շուրջ 45 դիմում: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով եւ ՀՀ սահմանադրությամբ ընձեռնված ազատ հավաքների անկապտելի իրավունքը վերականգնելու համար, համաժողովրդական շարժումը դեռեւս մայիսի 12-ին հայտարարել է Ազատության հրապարակում հուինիսի 20-ին հանրահավաք անցկացնելու իր ծրագիրը ԵԽԽՎ 1609 բանաձեւի պահաջների կատարման ընթացքի վերաբերյալ օրակարգով:
Սույն թվականի հունիսի 12-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու` Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտը քաղաքապետարանը կրկին ապօրինաբար մերժել է` պատճառաբանելով թե այդ օրը քաղաքապետի կարգադրությամբ պետք է անցկացվի երեխաների մասնացկությամբ <Փոքրիկ երեւանցի> միջոցառումը, թեեւ օրենքը հստակ սահմանում է, որ միայն օրենքով սահմանված կարգով իրազեկված միջոցառումը կարող է ծառայել մեր հանրահավաքի արգելման հիմք: Այս առիթով Լեւոն Տեր-Պետրոսյանի լիազոր ներկայացուցիչը հայտ է ներկայացրել դատարան` այդ որոշումը անվավեր ճանաչելու համար: Դատարանը, ուր ապացուցվեց քաղաքապետարանի կազմակերպած միջոցառման իրազեկված չլինելը, ուստի նաեւ այն հանգամանքը, որ այն չէր կարող ծառայել հանրահավաքի արգելման հիմք, կատարելով իշխանությունների աօպրինի հրահանգը, երեկ հրապարակեց ակնհայտ անարդար վճիռ, դիմելով օրենքի դրույթի ակնհայտ կեղծման եւ մերժելով հայցը: Դրանով մենք կատարեցինք եւ սպառեցինք, օրենքով նախատեսված բոլոր հնարավոր քայլերը:
Ավելի քան երեք ամիս շրջափակված պահելով Ազատության հրապարակը վարչախումբը փոքրոգաբար թաքնվում էր զորքի եւ ոստիկանության ուժերի թիկունքում: Այժմ նա շատ ավելի առաջ է գնացել եւ որոշել է դիմել ծայրահեղ անբարոյական քայլի` թաքնվել երեխաների թիկունքում: Մեր հանրահավաքը, այնուամենայնիվ տեղի է ունենալու: Այն արտոնված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 20-րդ եւ ՀՀ սահմանադրության 29-րդ հոդվածների անմիջական գործողության ուժով: Մենք հաստատակամ էինք` տեղի չտալ որեւէ ապօրինության առջեւ եւ իրականացնել ազատ հանրահավաքների մեր իրավունքը հունիսի 20-ին` Ազատության հրապարակում, ինչի մասին բազմիսց ծանուցել ենք: Վարչախումբը նույնպես համոզված էր, որ ի տարբերություն իրենց, մենք ոչ մի դեպքում չենք խախտի տարրական բարոյականության սահմանները:
Մենք, թեեւ դատապարտում ենք երեխաներին քաղաքական նպատակներով օգտագործելու ստոր արարքը, իրոք չենք կարող մեր բարոյականությամբ հավասարվել իշխանություններին եւ կոչ անել մեր աջակիցներին հավաքվել Ազատության հրապարակում, որը ծայրեծայր կահավորված է մանկական խաղերով, որտեղ հունիսի 20-ին լինելու են երեխաներ: Ուստիեւ հունիսի 20-ին ժամը 18:00-ին հանրահավաքը տեղի կունենա Մատենադարանին հարող տարածքում, ինչի մասին նույնպես քաղաքապետարանը ժամանակին օրենքով սահմանված կարգով մեր կողմից իրազեկվել է:
Մինչեւ վերջ հավատարիմ մնալով օրենքներին եւ օրինական գործելակերպին, ինչպես նաեւ շահագրգիռ քաղաքական այս միջոցառման բնականոն եւ առանց միջադեպերի անցկացնելու մեջ, մենք առաջարկում ենք իշխանություններին նշանակել քաղաքապետարանի եւ ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչներ որոնք մշտապես շփման մեջ լինելով շարժման ղեկավարների հետ կապահովեն խաղաղ հանրահավաքի բնականոն ընթացքը:
Հանրահավաքին մասնակցելու եւ դիտարկելու համար հրավիրում ենք նաեւ Հայաստանում գործող օտարերկրյա դեսպանատների եւ միջազգային կառույցների ներկայացուցիչներին:
