Որոշում «Ա1պյուսի» օգտին

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը երեկ որոշել է, որ «Ա1 պլյուս» անկախ հեռուստակայանի եթերազրկումը հակասում է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածին, որը վերաբերում է ազատ խոսքի իրավունքին, լրագրողներին տեղեկացրել է «Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար Տիգրան Տեր-Եսայանը: Նրա վկայությամբ՝ Հայաստանի կառավարությունը նաեւ պետք է դրամական փոխհատուցում տա «Ա1 պլյուսին»։

Եվրադատարանի որոշմամբ Հայաստանի կառավարությունը որպես բարոյական վնասի հատուցում պետք է վճարի 20 հազար եվրո, իսկ դատական ծախսերի դիմաց` 10 հազար եվրո:

«Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) պարզապես հայտարարել է մրցույթում հաղթող ընկերության անունը` առանց բերելու փաստարկներ, թե ինչու է հաղթել հենց այդ ընկերությունը եւ ոչ «Մելտեքսը», որի կազմի մեջ է մտնում «Ա1 պլյուսը։ Ուստի «Մելտեքսը» եւ ընդհանուր առմամբ հանրությունը չէին կարող տեղեկանալ, թե ինչ հիմքի վրա է ՀՌԱՀ-ը կիրարկել լիզենցիայի տրամադրումը մերժելու իր իրավունքը». ասված է որոշման մեջ:

Դատարանը գտել է, որ «ընթացակարգը, ըստ որի լիցենզիա տրամադրող մարմինը պարտավոր չէ հիմնավորել իր որոշումները, չի ապահովում խոսքի ազատության հիմնարար իրավունքի համարժեք պաշտպանությունը հանրային մարմնի կամայական միջամտությունից: «Մելտեքսի»` տեղեկատվություն եւ գաղափարներ տարածելու ազատությանը միջամտելը` մասնավորապես յոթ անգամ մերժելով հեռարձակման լիցենզիայի տրամադրումը, չի համապատասխանում Եվրոպական կոնվենցիայով սահմանված պահանջներին` ի խախտումն 10-րդ հոդվածի»:

Հիշեցնենք, որ «Ա1 պլյուս» հեռուստակայանը եթերազրկվել է 2002 թվականին՝ նախագահական ընտրություններից առաջ: Դրանից հետո Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը մինչ օրս Հայաստանը դասում է ոչ ազատ մամուլ ունեցող երկրների թվին, այնինչ մինչեւ անկախ հեռուստակայանի փակումը Հայաստանը մասնակիորեն ազատ պետությունների շարքում։