NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Գլխավոր դատախազության հայտարարությունը
Մարտի մեկի դեպքերի վերաբերյալ հերթական հայտարարությունն է տարածել ՀՀ գլխավոր
դատախազության մամուլի ծառայությունը
«Վերջին օրերին տարբեր անձանց կողմից անհարկի շահարկվում է, թե Երեւան քաղաքում
2008 թվականի մարտի 1-2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ
ստացած մարմնական վնասվածքների հետեւանքով գրանցված մահվան դեպքերի առթիվ քրեական
գործ չի հարուցվել եւ նախաքննություն չի կատարվում, միջոցներ չեն ձեռնարկվում
մահվան հանգամանքները պարզաբանելու ուղղությամբ:
Այսօրինակ պնդումները անհիմն են, մերկապարանոց եւ որեւէ առնչություն չունեն
իրականության հետ: Ընդգծենք, որ մահվան դեպքերը հետեւանք են զանգվածային
անկարգությունների, 10 անձ, որոնցից 8-ը՝ քաղաքացիական անձ, 2-ը՝ ոստիկան, կյանքի
համար վտանգավոր մարմնական վնասվածքներ են ստացել տեղի ունեցած անկարգությունների
ժամանակ եւ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում դեռեւս 2008 թվականի մարտի 2-ին
հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասի
հատկանիշներով նույնպես՝ սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ
կազմակերպելու համար:
Նախաքննության ընթացքում կատարվել եւ կատարվում է մեծածավալ աշխատանք զոհերի մահվան
հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննության շահերից ելնելով՝ նախաքննական մարմինն առայժմ չի հրապարակում
պարզաբանված հանգամանքներն ամբողջությամբ, այդուհանդերձ, հաշվի առնելով հասարակական
հնչեղությունը, տեղեկացնում ենք, որ ձեռնարկված քննչական գործողությունների, ինչպես
նաև դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննությունների արդյունքում պարզվել է
զոհերի մարմնական վնասվածքների ծագումնաբանությունը:
Ստորեւ հրապարակում ենք միայն նախաքննության ունեցած տվյալները մահացած անձանց
ինքնության, ստացած վնասվածքի տեսակի եւ վայրի մասին՝
Դավիթ Աֆրենտի Պետրոսյան՝ ծնված 1975թ,
վնասվածքի բնույթը՝ հրազենային վնասվածք, կրծքավանդակի աջ կեսի հետին մակերեսին,
մարմնից հանվել է 1 գնդակ / 9 մմ, ռիկոշետ/
վիրավորվել է՝ Պարոնյան փողոցի թիվ 2 շենքի մոտ
Գրիգոր Հովհաննեսի Գևորգյան՝ ծնված 1980.
Վնասվածքի բնույթը՝ հրազենային վնասվածք, գանգի միջանցիկ վնասվածք,
վիրավորվել է ՝ Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկի դալանի դիմաց
Տիգրան Հովսեփի Խաչատրյան՝ ծնված 1985.
վնասվածքի բնույթը՝ գանգուղեղային բաց-կույր վնասվածք, օտար մարմիններ գանգի
խոռոչում, գանգից հանվել է մետաղի կտոր ( չերյոմուխա-ռիկոշետ )
վիրավորվել է Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկի դալանի դիմաց
Արմեն Վաչագանի Ֆարմանյան՝ ծնված 1974թ. , 2 անգամ դատված
վնասվածքի բնույթը՝ գանգուղեղային բաց-կույր վնասվածք, գանգից հանվել է օտար մարմին
( չերյոմուխա-ռիկոշետ)
վիրավորվել է՝ Պարոնյան փողոցի թիվ 24 շենքի դիմաց
Գոռ Սարգսի Քլոյան՝ ծնված 1979թ,
վնասվածքի բնույթը՝ բեկորային վնասվածք, ձախ աճուկային շրջանում, մարմնից հանվել են
մետաղի կտորներ ( չերյոմուխա-ռիկոշետ )
վիրավորվել է Մաշտոցի և Գր. Լուսավորիչ փողոցների խաչմերուկի կամուրջի վրա
Հովհաննես Ղարիբի Հովհաննիսյան՝ ծնված 1961թ
վնասվածքի բնույթը՝ հրազենային վնասվածք, կրծքավանդակի ձախ կեսի առջևի մակերեսին,
մարմնից հանվել է 1 գնդակ ( 5.45.մմ )
վիրավորվել է ՝ Մաշտոցի և Գր. Լուսավորիչ փողոցների խաչմերուկի կամուրջի վրա
Զաքար Սարիբեկի Հովհաննիսյան՝ ծնված 1977թ,
վնասվածքի բնույթը՝ հրազենային վնասվածք, որովայնի շրջանում, մարմնից հանվել է 1
գնդակ ( 9 մմ )
վիրավորվել է՝ Մաշտոցի պողոտայի շուկայի մոտ, տեղափոխվել է թիվ 3 հիվանդանոց: նույն
օրը մահացել է
Սամվել Էդիկի Հարությունյան՝ ծնված 1979թ,
վնասվածքի բնույթը՝ գանգուղեղային բաց-թափանցող վնասվածք, գանգի կոտրվածք
վիրավորվել է՝ Մաշտոցի և Գր. Լուսավորիչ փողոցների խաչմերուկի կամուրջի վրա,
տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ, որտեղ մահացել է 11.04.2008թ՝ առանց գիտակցության գալու
Համլետ Աղասու Թադեւոսյան՝ ծնված 1977թ., ոստիկանության զորքերի վաշտի հրամանատար
վնասվածքի բնույթը՝ բեկորային վնասվածք վերջին եւ ստորին վերջույթների շրջանում
վիրավորվել է Մաշտոցի եւ Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկի մոտ, Լուսավորիչ
փողոցի թիվ 17 շենքի դիմաց
Տիգրան Էդիկի Աբգարյան՝ ծնվել է 1989թ. ոստիկանության ներքին զորքերի թիվ N
զորամասի զինծառայող
վնասվածքի բնույթը՝ պարանոցի միջանցիկ հրազենային-գնդակային վնասվածք, որն
ուղեկցվել է պայթյունային բարդացումով, պարանոցային 6-րդ եւ 7-րդ ողերի թափանցող
կոտրվածքներ
վիրավորվել է ՝ Լեո փողոցի «Սվին» որսորդական խանութի մոտ, մահացել է Երեւանի
Միքաելյան հիվանդանոցում՝ 11.04.08թ.՝ առանց գիտակցության գալու:
Զոհերի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր
միջոցառումները, այդ թվում հարցաքննվում են դեպքի վայրում ծառայություն իրականացրած
ոստիկանները, նշանակվել են փորձաքննություններ»։
