NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ՀԻՄԱ–ն դատապարտում է
Հունիսի 13-ին եւ 14-ին ՀԻՄԱ երիտասարդական նախաձեռնության անդամները շարունակել
են քաղբանտարկյալների ազատումը պահանջող թռուցիկներ փակցնել Երևանի փողոցներում:
Թռուցիկներ փակցնելու գործընթացը հիմնականում անցել է առանց միջադեպերի և
հիմնականում ողջունվել է անցորդների կողմից:

Բացի քաղբանտարկյալների նկարներով թռուցիկներից հիմայականները փակցնում էին նաև "Փնտրվում
է ազատ մարդ. զանգահարել 102" բովանդակությամբ, ինչպես նաև մարդու ստվերով (սիլուետով)
թռուցիկներ, որի տակ գրված է "Այստեղ կարող է լինել ձեր նկարը" խորհրդանշանական
միտքը:
Հունիսի 14-ին ժամը 17.00-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում հիմայականներին են
մոտեցել ոստիկաններ և նրանցից պահանջել են դադարեցնել թռուցիկներ փակցնելու
գործընթացը, ինչին ի պատասխան ստացել են մերժում, քանի որ դա ՀՀ քաղաքացիների
սահմանադրական իրավունքն է: Ոստիկանները ոչ մի հիմնավորում չունենալով իրենց ոչ
իրավաչափ գործողությունների համար, ի վերջո վերցրել են բոլոր թռուցիկները և հեռացել:
Ոստիկանները եղել են ՊՊԾ 025 համարի մեքենայով:
Աջափնյակ համայնքում ՀԻՄԱ-ի երկու ակտիվիստների են մոտեցել ոստինակններ և նրանց
բերման ենթարկել Երևանի ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ նրանց մոտ հինգ րոպե
պահելուց և անուն ազգանունները ճշտելուց հետո բաց են թողել: Բերման մասին, ինչպես
միշտ, արձանագրություններ չեն կազմվել:
Մեկ ուրիշ դեպքում էլ ոստիկանները, Աբովյան փողոցից, հինգ հիմայականի նստեցրել են
իրենց մեքենան (ՊՊԾ 014) ոստիկանության բաժին բերման ենթարկելու պատրվակով, բայց
ճանապարհին փոշմանել են և բաց են թողել երիտասարդներին` առգրավվելով միայն
երիտասարդների մոտ եղած թռուցիկները:
ՀԻՄԱ երիտասարդական նախաձեռնությունը խստորեն դատապարտում է ոստիկանների նմանօրինակ
ոչ իրավաչափ գործողությունները և զգուշացնում, որ բոլոր իրավախախտները ոչ շատ հեռու
ապագայում պատժվելու են օրենքի ողջ խստությամբ:
