NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Առաջարկում են «Հրազդան» մարղադաշտին հարող հրապարակը
Երեւանի քաղաքապետարանը երեկ չի արտոնել հունիսի 20-ի ընդդիմության հանրահավաքը Ազատության հրապարակում պատճառաբանելով, թե նույն օրը մտադիր է միջոցառում անցկացնել Ազատության հրապարակում: Ըստ Լեւոն Տեր–Պետրոսյանի գլխավորած շարժման ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանի, իրենք կրկին հայտ են ներկայացնելու հանրահավաք անցկացնելու համար եւ բողոքարկելու են քաղաքապետարանի որոշումը դատարանում:
Իսկ Երեւանի քաղաքապետարանը երեկ տեղեկացրել է, որ «ՀՀ քաղաքացի Լևոն Տեր-Պետրոսյանը ս/թ հունիսի 9-ին Երևանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկում 2008թ. հունիսի 20-ին զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնելու մասին, որը, ըստ իրազեկման, մեկնարկելու է Ազատության հրապարակում՝ հանրահավաքով և ընդմիջվելու է երթով մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով։ Իրազեկումը քննարկվել է Երևանի քաղաքապետարանում կազմակերպչի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Քննարկման արդյունքում ընդունվել է որոշում զանգվածային հրապարակային միջոցառումը Ազատության հրապարակում և երթը մերժելու մասին։ Միևնույն ժամանակ առաջարկվել է վերոհիշյալ միջոցառումն անցկացնել իրազեկման մեջ նշված օրը և ժամին «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ գտնվող հրապարակում»։
Ընդդիմությունը բազմիցս է հայտարարել, որ անցկացնելու է Ազատության հրապարակում ծրագրված հանրահավաքը՝ անկախ քաղաքապետարանի որոշումից:
